Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված ուղերձում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտ Էմին Միլիի ազգականները հայտարարել են, որ հրաժարվում են վերջինիս հետ իրենց ազգակցական կապից: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Միլիի հարազատներն իրենց այդ քայլը մեկնաբանում են այն հանգամանքով, որ «Միլին դավաճանել է Ադրբեջանին և ներկայումս իրականացնում է ծայրահեղական հակաադրբեջանական արշավ»:
Ինտերնետային «Meydan TV» նախագծի ղեկավար Էմին Միլին 2002-2004 թվականներին եղել է Ֆրիդրիխ Էմբերտի հիմնադրամի ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար և Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդական: Ադրբեջանական իշխանությունների հասցեին իր քննադատական հրապարակումների պատճառով 2009 թվականին ձերբակալվել է: Նրան դատապարտել էին 2,5 տարվա ազատազրկման, սակայն միջազգային հանրության ճնշման ներքո պայմանականորեն ազատ է արձակվել 2010 թվականին: Բանտից դուրս գալուց հետո է Միլին շարունակում է հանդես գալ ադրբեջանական իշխանությունների քննադատությամբ: 2013 թվականից ընդդիմադիր բլոգերը ղեկավարում է անկախ այլընտրանքային առցանց «Meydan TV» հեռուստաընկությունը, որը հեռարձակվում է Բեռլինից:
Միլի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով ադրբեջանական իշխանությունները հուլիսի 27-ին ձերբակալել էին նրա կնոջ եղբորը՝ ծրագրավորող Նազիմ Աղաբեկովին, ում մոտ հետագայում թմրանյութ էին հայտնաբերել: Այս կապակցությամբ Միլին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կատարվածը կապված է ադրբեջանական իշխանությունների՝ «Meydan TV» նախագիծը փակելու մտադրության հետ: Միլին հայտարարել է, որ մի քանի շաբաթ առաջ իրեն սպառնացել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Ազատ Ռահիմովը:
Ադրբեջանական իշխանությունները, չկարողանալով անմիջական հաշվեհարդար տեսնել Միլիի հետ՝ փորձում են լռեցնել նրան՝ պատժելով ակտիվիստի ընտանիքի անդամներին և ազգականներին, ինչը բավականին տարածված է Ադրբեջանում: Ամենայն հավանականությամբ Էմին Միլիի հարազատները, Ալիևին վերոնշյալ բովանդակությամբ ուղերձ հղելով, փորձում են խուսափել ադրբեջանական իշխանությունների հետապնդումներից: