Միացյալ Նահանգները ռազմավարական երկխոսություն է սկսել մերձավորարևելյան իր երբեմնի գլխավոր դաշնակցի` Եգիպտոսի հետ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այցելել է Կահիրե̦ որտեղ հանդիպել է երկրի նախագահ Աբդել-Ֆաթթահ Աս-Սիսիի և արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ: Քերին հայտարարել է̦ որ կողմերը մտադիր են խորացնել համագործակցությունն ինչպես քաղաքական̦ այնպես էլ տնտեսական և ռազմական ոլորտներում:
Քերին նշել է̦ որ ԱՄՆ-ը և Եգիպտոսը վերադառնում են երկկողմ հարաբերություններում «ավելի ամուր հիմքին»` չնայած առկա տարաձայնություններին մարդու իրավունքների հարցերում̦ հաղորդում է Reuters գործակալությունը: Եգիպտոսի արտգործնախարարն էլ ընդգծել է̦ որ Կահիրեն լուրջ տարաձայնություններ չունի Վաշինգտոնի հետ̦ «կան միայն տարբեր տեսակետներ մի շարք հարցերի շուրջ̦ ինչը բնական է»: Նա հատկապես կարևորել է ռազմական ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Միաժամանակ Եգիպտոսի նախագահի մամլո ծառայությունը հայտնում է̦ որ Աս-Սիսին ստացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակը̦ որտեղ վերջինս հույս է հայտնում̦ որ ռազմավարական երկխոսությունը կխորացնի երկու երկրների դաշնակցությունը և կնպաստի Եգիպտոսի զարգացմանը̦ հայտնում է եգիպտական Al-Ahram օրաթերթը: Եգիպտոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ Քերին նշել է̦ որ ԱՄՆ-ն աջակցում է ահաբեկչության դեմ պայքարում Եգիպտոսի ջանքերին ինչպես երկրի ներսում̦ այնպես էլ տարածաշրջանային մակարդակում̦ և պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել:
Եգիպտոսն Արաբական Արևելքում անհատույց ամերիկյան ռազմական օգնություն ստացող ամենախոշոր երկիրն է: ԱՄՆ ռազմական օգնությունը կազմում է 1,3 միլիարդ դոլար: Եգիպտոսն ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականության մեջ առաջնային նշանակություն ունի: Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր կնքած և Սուեզի ջրանցքը վերահսկող Եգիպտոսը տարիներ շարունակ եղել է ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը Մերձավոր Արևելքում:
Սակայն 2013 թվականի հուլիսին զինվորականների կողմից «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո̦ ինչը Վաշինգտոնը որակեց որպես «ռազմական հեղաշրջում»̦ երկու երկրների հարաբերություններն այլ ուղով ընթացան: ԱՄՆ-ը կասեցրեց Եգիպտոսին տրամադրվող ռազմական և ֆինանսական օգնությունը:
2015 թվականի մարտին ամերիկյան վարչակազմն̦ այնուամենայնիվ̦ վերականգնեց Եգիպտոսին տրամադրվող օգնությունը` հավանաբար հաշվի առնելով այս երկրի կարևորությունն իր մերձավորարևելյան քաղաքականության մեջ: Իսկ անցյալ շաբաթ ԱՄՆ-ը 8 F-16 կործանիչներ է մատակարարել Եգիպտոսին̦ որոնց մատակարարումը ևս կասեցվել էր:
Չի բացառվում̦ որ Վաշինգտոնի դիրքորոշման այս փոփոխությունը պայմանավորված է տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների ակտիվացմամբ̦ որոնց դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է Եգիպտոսի օգնությունը: Մյուս կողմից̦ Միացյալ Նահանգները հավանաբար սկսել է գիտակցել̦ որ Եգիպտոսում կառավարման նման ավտորիտար մոդելն ավելի գերադասելի է̦ քան իսլամիստական ուժերը̦ որոնք ցանկացած պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից: Իհարկե̦ պաշտոնապես ամերիկյան վարչակազմը շարունակելու է խոսել Եգիպտոսում մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և առավել ժողովրդավարական մեթոդներ որդեգրելու անհրաժեշտության մասին: