Ադրբեջանցի մի խումբ ֆիզիկներ ինժեներական պրակտիկա կանցնի Ռուսաստանի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում, որը հանդիսանում է այս ոլորտի առաջատար ինստիտուտներից մեկը, գրում է haqqin.az-ը՝ հղում անելով Росбалт-ին:
«Ներկայումս Ադրբեջանը չունի սեփական ատոմային էներգետիկա, սակայն երկիրը հեռատեսորեն հիմքեր է ստեղծում դրա զարգացման համար՝ այդ թվում նաև կադրային ներուժ ստեղծելով»,- նշում է Ռուս-ադրբեջանական բարեկամության կենտրոնի փորձագետ Դենիս Յակիմենկոն:
Ադրբեջանը մոտակա պլաններում պատրաստվում է կառուցել 20 մեգավատ հզորությամբ միջուկային ռեակտոր: Դա թույլ կտա երկրին սկսել իզոտոպների արտադրություն, որոնք կկիրառվեն բժշկական նպատակներով: Հիմա դրանք ներկրվում են արտերկրից:
Ադրբեջանի հեռահար նպատակը սեփական ատոմակայանի շահագործումն է, ինչի մասին Բաքուն խոսում է դեռ անցած դարի 70-ականներից:
Չնայած, որ ատոմակայանների շահագործումը այդքան էլ անվտանգ չէ, սակայն վերջին շրջանում գնալով ավելի շատ երկրներ են սկսել դիմել ատոմային էներգետիկային՝ ածխաջրածնային պաշարների քչության և աշխարհում դրանց համար մղվող պայքարի պատճառով:
Ֆոկուսիմա ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից 4 տարի անց աշխարհում կրկին մեծ հետաքրքրություն է նկատվում ատոմակայանների նկատմամբ: Այս երևույթը սկսել են բնութագրել «ատոմային վերածնունդ» տերմինով:
Այսպես,ամենահամեստ կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թվականը երկրագնդի վրա կգործարկվի արդեն մոտ 500 ԱԷԿ (ներկայումս շահագործվում է 435 ԱԷԿ):
Ադրբեջանը ևս վերջին շրջանում մեծ ուշադրություն է դարձնում էներգիայի այլընտրանքային աղբյուրների վրա: Դա մի կողմից կապված է երկրի նավթագազային պաշարների վերջանալու, մյուս կողմից՝ էլեկտրաէներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության հետ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության 2007 թվականին Վիեննայում կայացած 51-րդ համաժողովի ժամանակ Ադրբեջանը առաջ քաշեց երկրում միջուկային ռեակտոր ստեղծելու հարցը: Այս կապակցությամբ ադրբեջանական կողմի փաստարկներից մեկն այն էր, որ երկրի նավթի և գազի պաշարները կվերջանան արդեն 25-30 տարուց և երկիրը արդեն հիմա պետք է լրջորեն մտած էներգիայի այլ աղբյուրների մասին:
Սակայն փորձագետները ընդգծում են, որ ատոմային ոլորտի արդյունավետ աշխատանքի ապահովման համար Ադրբեջանում առկա է ինչպես կադրային, այնպես էլ գիտա-արտադրական բազայի ակնհայտ պակաս: Ավելին, այս հարցում սկզբունքային է ԱԷԿ-ի համար հումքի մատակարարման հարցը, քանի որ Ադրբեջանը նման ռեսուրսներ չունի: