Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախկին պատգամավոր Մեհմեթ Ալի Էդիբօղլուն հայտարարել է, որ չեն կարող ասել, թե Թուրքիան դեռ ինչքան կկարողանա դիմակայել Արևմուտքին, սակայն այն, որ քրդական առաջին պետությունը կհիմնվի Թուրքիայի տարածքում, միանշանակ է:
«Ենիչաղ» թերթի փոխանցմամբ` Էդիբօղլուն նկատել է, որ Արևմուտքը փոխել է Իրաքում քրդական պետություն ստեղծելու իր ծրագիրը և այժմ ցանկանում է այդ պետությունը հիմնել Թուրքիայի տարածքում:
«Իրաքի մասնատման ծրագիրը հետաձգվել է: Իրաքի քրդական տարածաշրջանը և կենտրոնական կառավարությունը կհաշտվեն: Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) դարձել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի քուրդ դաշնակիցը: ՆԱՏՕ-ն Թուրքիային զգուշացրել է չռմբահարել PKK-ի՝ Քանդիլում (հյուսիսային Իրաք) գտնվող ճամբարները: Չգիտենք, թե Թուրքիան դեռ ինչքան կկարողանա դիմայակել Արևմուտքին: Ծրագիրը փոխվել է: Քուրդիստան պետություն կհիմնվի և այն էլ Թուրքիայի տարածքում», -համոզմունք է հայտնել ԺՀԿ նախկին պատգամավորը:
«Իրանի հետ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համաձայնության գալուց հետո Թուրքիան հայտնվել է խաղից դուրս վիճակում: Լիբանանյան «Հզբոլլահ» կազմակերպությունը, Իրաքի կենտրոնական կառավարությունն ու Իրանը կոչնչացնեն «Իսլամական պետություն» խմբավորմանը: Եվ դա, նույնիսկ, արդեն սկսել են», -նշել է Էդիբօղլուն: