Անկարայում կայացել է Ղրիմի թաթարների Համաշխարհային 2-րդ համաժողովը, որին մասնակցել են ավելի քան 200 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հաջորդ համաժողովը կայանալու է 4 տարի հետո: Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևի առաջարկությամբ «որոշվել է հաջորդ համաժողովն անցկացնել կամ Ղրիմի մայրաքաղաքում, կամ Կիևում»:
Համաժողովը մեծ աղմուկ է բարձրացրել: Ինչպես հայտնում է Ղրիմի թաթարների մեջլիսի մամլո ծառայությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ողջունելով համաժողովովի մասնակիցներին, իր ուղերձում նշել է, որ «Թուրքիան չի ճանաչում և չի ճանաչելու Ղրիմի բռնակցումը»:
«Այսօր մենք Ղրիմի ապօրինի բռնակցման և այլ ցավալի իրադարձությունների ականատեսն ենք դառնում: Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակում Թուրքիայի համար առաջնային նշանակություն ունի Ղրիմի թաթարների բարեկեցությունն ու անվտանգությունը», - ասել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը վստահեցրել է, որ Ղրիմի թաթարների նկատմամբ գործադրվող ճնշումների հաղթահարման համար Թուրքիան շարունակում է երկխոսությունը բոլոր կողմերի հետ, անհրաժեշտ առաջարկներ է ներկայացնում և քայլեր ձեռնարկում:
Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր ուղերձում մատնանշել է «բռնակցված Ղրիմում թաթարների հանդեպ շարունակվող ճնշումների քաղաքականությունը»` ընդգծելով, որ Թուրքիան միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու է այս խնդրի վրա:
Նշենք, որ ուկրաինական զարգացումներին մեծ ուշադրությամբ հետևող Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի թաթարների անվտանգությունն Անկարայի առաջնահերթություններից մեկն է, և Թուրքիան լիակատար իրավունք ունի նրանց պաշտպանելու: Իրենց հերթին Ղրիմի թաթարների ղեկավարները բազմիցս օգնություն են խնդրել Թուրքիայից, ինչպես նաև Ադրբեջանից և Ղազախստանից, որտեղ ևս թաթարներ են բնակվում: Սակայն վերլուծաբանները նշում էին, որ չնայած աջակցության վերաբերյալ հնչած հայտարարություններին, պաշտոնական Անկարան աշխատում է զուսպ գործել՝ չցանկանալով վտանգի ենթարկել Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները:
Ուկրաինական ճգնաժամի սկզբում Թուրքիան հայտարարեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության, քաղաքական միասնության և ինքնիշխանության պահպանման կարևորության մասին, սակայն խուսափեց բացահայտ առճակատումից:
Այս տեսանկյունից հատկանշական է Ստամբուլում Ուկրաինայի նախկին գլխավոր հյուպատոս Բոգդան Յարեմենկոյի` 2015 թվականի մարտին «Радіо Свобода»-ին տված հարցազրույցը: Նա նշել է, որ ուկրաինական հակամարտության շրջանակներում Թուրքիան ցույց տվեց, որ նրա համար արժեքներ գոյություն չունեն, այլ կա միայն հարցի գինը: Չնայած նրան, որ Անկարան պաշտոնապես ՆԱՏՕ-ին համահունչ դիրքորոշում է ցուցադրում՝ միաժամանակ փորձում է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ կապված իրավիճակն օգտագործել տնտեսական շահեր ստանալու համար: «Գործնականում Թուրքիան ոչ միայն չի միանում այդ պատժամիջոցներին, այլ հակառակը՝ հայտարարում է ՌԴ-ի հետ համագործակցության ընդլայնման մասին: Ընդ որում, ոչ միայն առևտրային համագործակցության, այլ նաև գազատարների կառուցման և միջուկային ոլորտներում», - նշել է Յարեմենկոն:
2014 թվականի տվյալներով թուրքական արտահանումը Ռուսաստան 2004-2013 թվականներին 4 անգամ աճել է, իսկ ռուսական արտահանումը Թուրքիա աճել է երեք անգամ: Ռուսաստանն այժմ առևտրի ցուցանիշներով Թուրքիայի երկրորդ գործընկերն է Գերմանիայից հետո, իսկ 2008 թվականին անգամ առաջին տեղում է եղել:
Չի բացառվում̦ որ Թուրքիան, կրկին գործածելով թաթարական խաղաքարտը, փորձում է «Թուրքական հոսք» ծրագրի շրջանակենրում զիջումներ ստանալ Ռուսաստանից: Հիշեցնենք, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ գազի գնի շուրջ: