«Շամս» մարդասիրական ՀԿ նախագահ Ռուստամ Բաքոյանն ու «Միջէթնիկ և միջմշակութային գործակցությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանն արդեն երկրորդ օրն է՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև հացադուլ են հայտարարել՝ պահանջելով ջանքեր գործադրել Իրաքում եզդիների՝ արդեն մեկ տարի շարունակվող ցեղասպանությանը վերջ տալու ուղղությամբ, ազատագրել «ԻՊ» ահաբեկիչների կողմից բռնազավթված Սինջար/ Շանգալ շրջանը, եզդիների անվտանգությունն ապահովելու նպատակով շրջանում ստեղծել եզդիական ինքնավարություն, ազատել գերության մեջ գտնվող 4000 կանանց ու երեխային:
Ինչպես տեղեկացնում է PanArmenian.net կայքը՝ հացադուլավորներն այսօր ՄԱԿ-ի գրասենյակի առջև հանրային քննարկում են կազմակերպում «Եզդիների՝ շարունակվող ցեղասպանությունը» թեմայով և մոմավառության՝ ի հիշատակ եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի:
Նշենք, որ այսօր լրանում է Իրաքի հյուսիսում գտնվող եզդիաբնակ Շանգալում մեկնարկած և մինչ օրս շարունակվող եզդիների ցեղասպանության առաջին տարելիցը:
Իսլամական պետության ահաբեկիչները սպանել են հազարավոր եզդիների, գերևարել՝ հազարավոր եզդի կանանց և երեխաների։ «Իսլամական պետություն» խմբավորումը, գրավելով բոլոր եզդիական բնակավայրերը, անխնա կոտորել է այդ տարածքներում բնակվող եզդիներին։ Արդեն մեկ տարի է անցել վերոնշված դեպքերից, սակայն եզդի զինյալներին դեռևս չի հաջողվում ազատագրել իսլամիստների գրաված տարածքները։
Այդ ընթացքում զոհվել է ավելի քան 20 հազար եզդի: 400.000-ից ավելին դարձել են փախստական, 5000-ից ավելի կանայք և աղջիկներ գերության մեջ են, 3600 եզդի համարվում է անհետ կորած, 10-ից ավելի եզդիական սրբավայր ոչնչացվել է։
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտելով տեղի ունեցած ցեղասպանությունը միևնույն ժամանակ աշխարհի բոլոր եզդիներին կոչ է անում իրենց փրկության հույսը չկապել միջազգային կառույցների և գերտերությունների բարի կամքի հետ: Նրանք կոչ են անում նաև ՀՀ բոլոր բարեգութ քաղաքացիներին աջակցել Հայաստան տեղափոխված եզդի փախստական ընտանքիներին: