Մի խումբ թուրք մտավորականներ, այդ թվում՝ ակադեմիկոսներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ և հրապարակախոսներ, երեկ հանդես են եկել գրավոր ուղերձով՝ Թուրքիայի Մեծ Մեջլիսի պատգամավորներին կոչ անելով արտահերթ նիստ գումարել և ջանքեր գործադրել երկրում խաղաղությունն ու ժողովրդավարությունը վերականգնելու ուղղությամբ:
Ինչպես գրում է Zaman-ը՝ մտավորականներն իրենց նամակում քննադատել են կառավարող Ադրարություն և ժողովրդավարություն կուսակցությանը, ինչպես և անուղղակի մեղադրանքներ են հնչեցրել նախագահ Էրդողանի հասցեին: Ուղերձի հեղինակները անթույլատրելի են համարել երկրի կայունությունը մեկ անձի կամ կառավարող կուսակցության քաղաքական ու անձնական շահերին ստորադասելը:
«Պատերազմ վարելը կամ դադարեցնելը, զինված որևէ խմբավորման դեմ պայքարը շարունակելը կամ ավարտելը ժողովրդավարության պայմաններում չեն կարող հիմնված լինել կառավարող կուսակցության կամ անձի քաղաքական շահերի վրա, քանի որ նման գործողությունները վեր են որևէ անհատից, քաղաքական կուսակցությունից կամ քաղաքական ակնկալիքներից, դրանք նշանակալի գործողություններ են, որ առնչվում են ողջ ազգին», նշվում է ավելի քան 30 թուրք ականավոր գործիչների ստորագրած հայտարարության մեջ:
Թուրք մտավորականները նշում են, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո ակնհայտ է դառնում, որ քրդերի հետ կարգավորման գործընթացի ինչպես սկիզբն, այնպես էլ դրա ավարտը կոչված էին ծառայելու «կոնկրետ անհատի անձնական հաշվարկներին և հավակնություններին, ով իր հովանավորության ներքո է պահում կառավարող կուսակցությունը»:
Նախաձեռնության հեղինակներն, առանց նշելու Էրդողանի անունը, գրում են, որ նա ձգտում էր քրդերի հետ խաղաղ գործընթացի իր նախաձեռնության նկատմամբ հասարակական աջակցություն ապահովել, քանի որ հաշվարկել էր, որ բռնություններին վերջ դնելը կամրապնդի իր քաղաքական իշխանությունը: Մինչդեռ այսօր նրան կրկին բախումներ են անհրաժեշտ՝ իր իշխանությունը կրկին ամրապնդելու համար՝ առանց մտահոգվելու, թե ինչ ցավոտ հետևանքներ այդ ամենը կունենա հասարակության համար:
Մատնանշելով, որ Թուրքիային այժմ առավել քան երբևէ խաղաղություն է անհրաժեշտ՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքի իրավիճակը և այն, որ երկրի հարևանների մեծ մասը տառապում է անկայունությունից՝ թուրք մտավորականները նշում են, որ եթե Թուրքիայի սահմանների շուրջ բախումները շարունակվեն և ի վերջո ներթափանցեն երկրի տարածք, ապա Թուրքիան կարող է ապագայում այնպիսի խնդիրների առջև կանգնել, որոնք անհնար կլինի հաղթահարել:
Ուղերձում նշվում է՝ թեև ահաբեկչությունը չի կարելի հանդուրժել կամ պաշտպանել, այնուամենայնիվ այն չի կարող առիթ հանդիսանալ կուսակցություն փակելու, զանգվածային ձերբակալություններ իրականացնելու, խորհրդարանի աշխատանքներին խոչընդոտելու, հարևանների հետ լարվածությունը պատերազմի վերածելու կամ քաղաքական այն գործիչներին թիրախավորելու համար, ովքեր անձնական նպատակների իրականացման ճանապարհին որպես խոչընդոտ են դիտվում: Նամակի հեղինակները նաև նշում են, որ նման գործողությունները չեն կարող ողջախոհ կառավարում համարվել, դրանք կառավարման ձախողման ապացույցներ են:
Եզրափակելով նամակը՝ մտավորականները խորհրդարանականներին կոչ են անում Մեծ Մեջլիսի նիստ գումարել՝ վերջ դնելու լարվածությանը երկրկ ներսում և վերականգնելու խաղաղությունն ու ժողովրդավարությունը:
Ուղերձի ներքո իրենց ստորագրությունն են դրել այնպիսի գործիչներ, ինչպես, օրինակ, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայը, միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Բասքըն Օրհանը, տուրիզմի նախկին նախարար Բահաթթին Յուսելը և Ժողովրդահանրապետական կուսակցությունից նախկին պատգամավոր Սիիթի Օզբեկը:
Թուրք ժողովրդին հղված ուղերձով է հանդես եկել նաև իրավապաշտպան, Ճնշված ժողովուրդների հետ համերաշխության և մարդու իրավունքների ասոցիացիայի նախկին նախագահ Օմեր Ֆարուկ Ջերջերլիօղլուն, ով ևս կոչ է արել վերջ դնել քրդերի հետ բախումներին: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ թուրք-քրդական բախումները շարունակվում են արդեն 30 տարի, որոնցում հաղթող կողմ չկա: Նա նշում է, որ պայքարող կողմերը՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունն ու Քրդական աշխատավորական կուսակցությունը, շարունակում են գաղտնի հանդիպումներ կազմակերպել կուլիսների հետևում: Իրավապաշտպանն առաջարկում է հրատապ քննարկման առարկա դարձնել ժողովրդավարացման քայլերն ու սահմանադրական երաշխիքները, քանի դեռ ռասայական թշնամանքը չի վերաճել քաոսի:
Դիմելով թուրք ժողովրդին՝ իրավապաշտպանը կոչ է անում «բռնել ոչ թե քաղաքական գործիչների, այլ արդարության կողմը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարող Արդարություն և զարգացում կուսակցությունը քրդերի հետ հաշտեցման գործընթացից դուրս գալու և Քրդական աշխատավորական կուսակցության դեմ գործողությունների մասին հայտարարել էր Սուրուչի ահաբեկչությանը հետևած իրադարձությունների ֆոնին: Սուրուչում իրականացված պայթյունից հետո, որի զոհ էր դարձել ավելի քան 30 քուրդ ակտիվիստ և որի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, Քրդական աշխատավորական կուսակցությունը Թուրքիայի իշխանություններին մեղադրել էր իսլամիստներին հովանավորելու համար: Դրան հետևեցին հարձակումներ թուրք ժանդարմների նկատմամբ, որոնց համար կասկածվում էի քուրդ զինյալները:
Հայտնելով քրեդերի հետ հաշտեցման գործընթացից դուրս գալու մասին՝ Էրդողանը խոսել էր նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գործունեությունը երկրում արգելելու անհրաժեշտության մասին: