Արդեն շուրջ մեկ տասնամյակ է համաշխարհային ֆինանսական համակարգը լուրջ ճգնաժամ է ապրում, գնալով ավելանում են դեֆոլտի շեմին կանգնած երկրների թիվը: Նախօրեին դեֆոլտի մասին հայտարարեց Պուերտո Ռիկոն: Հունաստանը, չնայած կարողացավ խուսափել դեֆոլտից, սակայն այդ վտանգը շարունակում է ակտուալ մնալ այս երկրի համար: Նման պայմաններում հարց է առաջանում, թե ինչպես են կարողանում սիրիական բանկերը խուսափել սնանկացումից երկրում արդեն ավելի քան չորս տարի շարունակվող կործանարար պատերազմի և միջազգային պատժամիջոցների պայմաններում, երբ սիրիական տնտեսությունը կարելի է հիմնովին փլուզված համարել:
Միջազգային պատժամիջոցների և ներդրումների բացակայության պայմաններում սիրիական վեց պետական բանկերից ոչ մեկը չի դադարեցրել իր գործունեությունը: Ավելին, 14 մասնավոր բանկերը, որոնք սուբսիդավորվում են Լիբանանի, Հորդանանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Բահրեյնի կողմից, չնայած իրենց մասնաճյուղերի ավերմանը, շարունակվող թալանին, արտարժույթով իրականացվող գործարքների նկատմամբ խիստ վերահսկողությանը, չեն պատրաստվում լքել աշխարհի ամենավտանգավոր երկիրը՝ Սիրիան:
Մասնագետները սիրիական բանկերի նման կայունությունը բացատրում են 2000-ականների սկզբին Սիրիայի ֆինանսատնտեսական համակարգում իրականացված բարեփոխումներով: 2000 թվականին գալով իշխանության՝ Բաշար ալ Ասադը ձեռնարկեց մի շարք միջոցառումներ կապիտալիստական շուկայական սկզբունքներով սոցիալական շուկայական տնտեսության անցնելու ուղղությամբ:
2003 թվականին սիրիական կառավարությունը որոշում ընդունեց բանկային համակարգի ազատականացման մասին: Սրանով տեխնիկապես ավարտվեց ֆինանսական համակարգի վրա ավելի քան 40 տարի տևած պետական մենաշնորհը: Այս բարեփոխումները արդյունքում 2009 թվականին ձևավորվեց Դամասկոսի ֆոնդային բորսան, որում ներկայացված ընկերությունների թիվը գնալով ավելանում էր: Բորսայում դեռևս ներկայացված են 23 ընկերություններ, որոնք ներկայացնում են տրանսպորտի, զանգվածային լրատվամիջոցների, արդյունաբերության, գյուղատնտեսության, բանկային համակարգի և ապահովագրության ոլորտները:
Սակայն հարկ է նշել, որ ֆինանսական համակարգում կատարվող փոփոխությունները կոչված չէին բացառելու երկրում պետական բանկերի առկայությունը: Չնայած որ պետական բանկերը Սիրիայում ընդամենը վեցն են, սակայն Սիրիայի առևտրային բանկը շարունակում է մնալ ամենամեծը երկրում ակտիվների, գործողությունների և ծառայությունների առումով: Վերջինիս կապիտալը հակամարտությունից առաջ կազմում էր 7 միլիարդ սիրիական ֆունտ, որը համարժեք էր 1.55 միլիարդ ամերիկյան դոլարի: Այս գումարը գրեթե հավասար էր սիրիական 14 մասնավոր բանկերի կապիտալի ընդհանուր գումարին: Սա հիմնականում պայմանավորված է պետական ֆինանսական գործողությունների և բանկային ներդրումների կենտրոնացվածության հետ, ինչը թույլ էր տալիս Սիրիայի առևտրային բանկին մենաշնորհ ունենալ բյուջեի և խոշոր գործատու և ներդրող հանդիսացող սիրիական պետության եկամուտների նկատմամբ:
Արդյունքում սիրիական նորաստեղծ մասնավոր բանկերը ստիպված էին կիսելու մենաշնորհային շուկան պետական բանկերի հետ: Մյուս կողմից օտարերկրյա ներդրողների համար սա բավականին հարմար մեխանիզմ էր, քանի որ մինչև 2010 թվականը 49 տոկոս սիրիական սեփականության դեպքում գործողությունների արտոնագիր չէր պահաջվում: Արդյունքում ֆինանսական համակարգում ներգրավվեցին քաղաքական կապեր ունեցող գործարարներ, այդ թվում նաև բազմաթիվ նախկին քաղաքական գործիչներ և ուժային կառույցների պաշտոնյաներ: Վերջիններիս և իշխանությունների հարաբերությունները ժամանակի ընթացքում վերաճեցին ամուր դաշինքի երբեմն հիմնված ընտանեկան կապերի վրա: Սրանով է պայմանավորված, որ գործարարները շարունակում են ներդրումներ անել Սիրիայում՝ աջակցելով Ասադի վարչակարգին, որի հետ ինչպես արդեն նշել ենք, նրանք բավականին սերտ կապեր ունեն: Միևնույն ժամանակ սիրիական հակամարտության ավարտվելու դեպքում երկրի վերակառուցման գործընթացի ֆինանսավորումը կանցնի մասնավոր բանկերի ձեռքը, որոնք այժմ կարգավորում են առուծախը Դամասկոսի ֆոնդային բորսայում: Ասադի վարչակարգին հովանավորելու համար սիրիական մասնավոր բանկերի համար պակաս կարևոր շարժառիթ չէ նաև այն, որ Սիրիայում իշխանափոխության դեպքում մասնավոր սեկտորի ակտիվներն ամենայն հավանականությամբ կբռնագրավվեն նոր իշխանությունների կողմից:
Հենց այս գործոններով է պայմանավորված, որ սիրիական բանկերը, հակառակ ԱՄՆ-ի և Եվրամիության սպսումների, շարունակում են իրենց գործունեությունն այս երկրում: