ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրապարակել է ջերմոցային գազերի արտանետումը կտրուկ նվազեցնելու վերաբերյալ «Մաքուր էներգիա» ծրագիրը, որը նախատեսում է ջերմոցային գազերի արտանետումն ամերիկյան էլեկտրակայաններից մինչև 2030 թվական կրճատել 2005 թվականի արտանետվող գազերի ծավալի 32 տոկոսով: Ծրագրի իրականացման մեկնարկը համընկնում է 2015 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը Փարիզում կայանալիք Կլիմայի փոփոխության միջազգային համաժողովի աշխատանքների հետ:
«Դեկտեմբերին Ամերիկան հնարավորություն կունենա կնքելու կլիմայի վերաբերյալ մարդկության պատմության մեջ ամենահավակնոտ համաձայնագիրը: Դժվար չէ ասել, որ մարդկությունն ի զորու չէ հաղթահարելու կլիմայի փոփոխության մարտահրավերները: Ես միանգամայն համոզված եմ, որ դա այդպես չէ: Մենք կարող են հաղթահարել դա, սակայն պետք է սկսել գործել: Հենց նման մասշտաբային մարտահրավերներն են մեզ հիշեցնում, որ մենք բոլորս մի նավակում ենք»,- նշել է Օբաման:
Օբամայի առաջարկած փաստաթղթում շեշտադրումը արվում է էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման, այլ ոչ թե ածխային էլեկտրակայաններից գազայինի անցնելու վրա, ինչի մասին նշվում էր երկու տարի առաջ ներկայացված փաստաթղթի նախնական տարբերակում:
Փաստաթղթումի համաձայն՝ կրճատվող արտանետումների քանակի վերաբերյալ ամերիկյան յուրաքանչյուր նահանգի համար կսահմանվեն քվոտաներ: Սակայն մի շարք նահանգապետեր արդեն հրաժարվել են իրականացնել այս ծրագիրն իրենց նահանգներում: Մասնավորապես դեմ է արտահայտվում ամերիկյան Կենտուկի նահանգը, որի տնտեսության համար այս ճյուղն առաջնային նշանակություն ունի: Ծրագրի ընդդիմախոսները պնդում են, որ Օբամայի նոր բնապահպանական քաղաքականության իրականացումը կնշանակի ածխային արդյունաբերության մահ: ԱՄՆ-ում ջերմոցային գազերի հիմնական արտանետողներն ածխային էլեկտրակայաններն են: Ընդ որում, ածուխը մինչ այժմ ապահովում է ԱՄՆ-ի էներգետիկ պաշարների մինչև մեկ երրորդը:
Այս փաստարկը հատկապես շահարկում են հանրապետականները, որոնք ընտրությունների նախաշեմին առիթը բաց չեն թողնում դեմոկրատ նախագահի նախաձեռնությունները քննադատելու համար: