Վրաստանում արդեն սկսել են խոսել գալիք խորհրդարանական ընտրությունների մասին, չնայած մեկ տարի դեռ կա: Իշխող կոալիցիայի մեջ մտնող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ներկայացնող Էկա Բեսելիան հայտարարել է, որ կուսակցությունն արդեն սեպտեմբերից կսկսի նախապատրաստվել 2016թ-ի խորհրդարանական ընտրություններին:
«Իշխող ուժ հանդիսացող կուսակցությունը պատրաստ է շարունակել կատարել իր վրա վերցված պարտավորությունները և դրա համար պետք է նախապատրաստվել կարևոր փուլի: Մենք ցանկանում ենք հստակ միջոցառումներով և կուսակցական ակտիվությամբ նախօրոք սկսել ընտրությունների նախապատրաստական աշխատանքները», - նշել է Վրաստանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Բեսելիան:
«Վրացական երազանք»-ի նման վաղաժամ ակտիվությունը թերևս պայմանավորված է ինչպես իշխող ուժի դիրքերի թուլացմամբ և նրա հասցեին հնչող քննադատությամբ, այնպես էլ հենց կոալիցիայի ներսում պարբերաբար նկատվող խժդժություններով: Այն, որ «Վրացական երազանք» կոալիցիան նույն կազմով հանդես չի գա գալիք ընտրություններին, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այնուամենայնիվ, մի շարք կոալիցիոն գործընկերներ կշարունակեն աջակցել նախկին վարչապետ Իվանիշվիլիի հիմնած կուսակցությանը: Նման կուսակցություններից մեկն էլ Վրաստանի «Հանրապետական կուսակցությունն» է, որի ներկայացքուցիչներն արդեն հայտարարել են, որ գալիք ընտրություններին կգնան կոալիցիայի կազմում:
Հաշվի առնելով վերջին շրջանում Վրաստանի քաղաքական դաշտում նկատվող վերադասավորումները և իշխանությունների նկատմամբ աճող դժգոհությունը՝ կարող ենք ենթադրել, որ 2016-ին «Վրացական երազանքի» համար բավական բարդ կլինի ինչպես վստահելի գործընկերներ գտնելու, այնպես էլ ընդդիմադիր ուժերի դեմ պայքարի տեսանկյունից: Իշխանության պահպանման համար իշխող քաղաքական ուժն այս շրջանում պետք է հասցնի ամրապնդել սեփական դիրքերը, և, ինչպես կարելի է ակնկալել, այդ գործընթացը կսկսվի հենց շրջաններից: Այդ մասին են վկայում առաջիկայում նախատեսված կուսակցության շրջանային կառույցների համաժողովները: