Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ֆոնին Իրանը, Սիրիան և Ռուսաստանը, որոնք վերջին շրջանում բավական սերտ համագործակցում են բազմաթիվ հարցերի շուրջ, ամրապնդում են իրենց գործընկերությունը: Թեհրանում բանակցություններ են կայացել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի, Սիրիայի արտգործախարար Ուալիդ Ալ-Մուալլեմի և արաբական և աֆրիկյան հարցերով Իրանի արտգործնախարարի օգնական Հուսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև: Քննարկման հիմնական թեման սիրիական հակամարտությունն է եղել:
Սիրիայի և Իրանի դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանային վերջին զարգացումները, հայտնում է սիրիական SANA գործակալությունը: Իրանցի դիվանագետը վստահեցրել է, որ Իրանը պաշտպանելու և աջակցելու է իր դաշնակիցներին: «Սիրիական ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն քաղաքական ժանապարհով: Բոլոր նրանք, ովքեր ձգտում էին փոխել Սիրիայում իշխող վարչակազմը, համոզվել են, որ սխալվել են»̦ - ասել է Իրանի արտգործնախարարի օգնականը:
Նշենք, որ Իրանը սիրիական հակամարտության ողջ ընթացքում բազմակողմանի աջակցություն է տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին: Իսկ իրանական միջուկային համաձայնագրի կնքումից հետո Սիրիայում ակնկալում են, որ իրանական օգնությունն ավելի է մեծանալու: Հիշեցնենք, որ Ասադը միջուկային համաձայնագրի ձեռքբերման կապակցությամբ «սիրիական ժողովրդի անունից» շնորհավորեց Իրանի ղեկավարությանը` այն անվանելով պատմական ձեռքբերում: Ասադն ընդգծեց, որ «վերջնական համաձայնագրի կնքումն իրական շրջադարձ է Իրանի պատմության և տարածաշրջանային երկրների հետ նրա հարաբերությունների համար»:
Իրանական կողմը Ռուսաստանի և Սիրիայի ներկայացուցիչներին նոր առաջարկներ է ներկայացրել սիրիական հակամարտությանն կարգավորման համար: Новости Сегодня կայքը, հղում կատարելով իրանական աղբյուրներին, գրում է, որ Իրանը ցանկանում է միջազգային դիտորդների մասնակցությամբ ընտրություններ անցկացնել Սիրիայում, ազգային միասնության կառավարություն ձևավորել և ամբողջությամբ դադարեցնել կրակը:
Ավելի վաղ Ռուսաստանը ևս նոր ծրագրով էր հանդես եկել` առաջարկելով տարածաշրջանայաին ուժերի մասնակցությամբ նոր կոալիցիա ստեղծել՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: ՌԴ փոխարտգործնախարարը բանակցությունների ընթացքում ընդգծել է, որ Մոսկվայի դիրքրոշումը Սիրիայի հարցում չի փոխվել և չի փոխվելու: