Ադրբեջանում նոր հանրային արշավ է սկսվել պաշտոնյաների կամայականությունների դեմ, հայտնում են ադրբեջանական կայքերը:
«Արձագանքելով երկրի նախագահ Իլհամ Ալիևի կոչին՝ բարձրաձայնել պետական ծառայողների և օլիգարխների գործողություններում անօրինականությունների և բացասական միտումների մասին»՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իշխանությունների ուշադրությունն են հրավիրում երկրի վերնախավի հերթական կամայականության վրա:
Կասպից ծովի լողափերը և ափամերձ տարածքները հայտնվել են երկրի վերնախավի օկուպացիայի տակ: Ոչ միայն Ադրբեջան այցելող զբոսաշրջիկները, այլ նաև այդ երկրի քաղաքացիները գործնականում զրկված են Կասպից ծովի ափամերձ հանգստավայրեր այցելելու հնարավորությունից: Ադրբեջանցի պաշտոնյաներն այստեղ կառուցում են շքեղ առանձնատներ, որոնց բազմակիլոմետրանոց պարիսպներով էլ փակված են լողափերը:
Իհարկե առանց իշխանությունների թույլատրության նման մեծամասշտաբ շինարարական աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ, և սպասել, որ ադրբեջանցի հայտնի հասարակական գործիչների սոցիալական ցանցերում սկսված բողոքի ակցիան որևէ դրական լուծում կստանա, իհարկե չարժե: Ավելորդ է նույնիսկ նշելը, որ Կասպից ծովի հանրային լողափերի յուրացումը տեղի է ունեցել համաշխարահային մեծ ճանաչում ստացած ադրբեջանական կոռուպցիոն մեխանիզմների շնորհիվ և հետադարձ գործընթացը հնարավոր է միայն իշխանափոխության պայմաններում: Սակայն Ալիևի կլանը չի պարտարստվում հեռանալ: Նշենք, որ ադրբեջանական իշխանությունները, որոնք բավականին «զգոն» են ցանկացած տիպի բողոքի կամ հակաիշխանական տրամադրությունների դրսևորման նկատմամբ, դեռևս չեն արձագանքել այս բողոքներին:
Ադրբեջանական իշխանությունների այս լռությունը միգուցե պայմանավորված է նրանով, որ հանրային սեփականության ակնհայտ բռնազավթման դեմ բողոքը դժվար է ներկայացնել որպես պետական դավաճանություն կամ անօրինական ձեռնարկատիրություն և վերջիններիս կազմակերպիչների նկատմամբ դատական գործ սկսել: