Ցանկացած քննադատություն Ադրբեջանում սպանության պատճառ կարող է դառնալ

12:35     10 օգոստոսի, 2015

Ադրբեջանում գրանցված հերթական միջադեպն ապացուցում է, որ այս երկրում առողջ քննադատությունը տեղ չունի ոչ միայն իշխանական, այլ նաև կենցաղային մակարդակում: Բաքվում դաժան ծեծի հետևանքով մահացել է լրագրող Ռասիմ Ալիևը, ով պարզապես իր տեսակետն է հայտնել ադրբեջանցի ֆուտբոլիստների անկիրթ պահվածքի վերաբերյալ:

«Արմեդիա» ՏՎԳ-ն ավելի վաղ հայտնել էր, որ  Կիպրոսում տեղի «Ապոլոն» ֆուտբոլային թիմի և Ադրբեջանի «Գաբալայի» խաղն ավարտվել է լուրջ սկանդալով: Ինչպես գրում է ադրբեջանական Haqqin.az կայքը, տոնելով խփված գոլը` ադրբեջանական թիմի ավագ Ջավիդ Հուսեյնովն անպարկեշտ ժեստ է ցույց տվել մրցակցի ուղղությամբ: Ադրբեջանական թիմը պարզաբանել է, որ նման արարքի պատճառն այն է, որ կիպրական թիմի երկրպագուներն ավելի վաղ պատռել էին Ադրբեջանի դրոշը:

Առաջին հայացքից կենցաղային թվացող այս միջադեպն ի ցույց է դնում այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Ադրբեջանի և Կիպրոսի Հանրապետության միջև: Միմյանց հանդեպ ունեցած մեղմ ասած «դժկամությունը» բավական ամուր քաղաքական հիմքեր ունի, ինչը պայմանավորված է «եղբայր» թուրքերին Հյուսիսային Կիպրոսի հարցում ցուցաբերվող աջակցությամբ:

Եվ հիմա լրագրողի վրա հարձակման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ նա Facebook սոցիալական ցանցում քննադատել է Ջավիդ Հուսեյնովի պահվածքը: Կիպրոսցի լրագրողի այն հարցին, թե ինչու է վերջինս խաղից հետո բարձրացրել թուրքական դրոշը, Հուսեյնովն ասել է, որ «թուրքերը նրա ընկերներն են» և անպատկեշտ ժեստ է ցույց տվել լրագրողին:

Մեկնաբանելով այս տեղեկությունները` լրագրող Ռասիմ Ալիևը գրել է, որ չէր ցանկանա, որ «նման անդաստիարակ և իրեն պահել չիմացող» ֆուտբոլիստն Ադրբեջանը ներկայացներ Եվրոպայում: Հենց այս խոսքերից հետո էլ նրան սկսել են սպառնալ, այնուհետև դաժան ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով լրագրողը մահացել է: Սպանված լրագրողի հայրը պատմել է, որ իր որդուն դաժանաբար սպանել են «Գաբալայի» երկրպագուները: Հայտնի է, որ նրան ծեծի ենթարկողների թվում է նաև ֆուտբոլիստ Ջավիդ Հուսեյնովի եղբայրը` Էլշան Իսմայլովը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ֆուտբոլիստն արդեն հեռացվել է «Գաբալայից»: 


© armedia.am