ԱՄՆ Միսսուրի նահանգի ոստիկանությունը հայտնում է դաժան փոխհրաձգության մասին Ֆերգյուսոն քաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ, որը կազմակերպվել էր սպիտակամորթ ոստիկան Դարեն Ուիլսոնի կրակոցից մահացած սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունի մահվան տարելիցի կապակցությամբ:
Ինչպես հայտնում է The Washington Post-ը, Սենթ Լուիսի ոստիկանությունից հաղորդել են, որ ամբոխի միջից լսվել են մի քանի կրակոցներ, ինչից հետո ոստիկաններից մեկը բացել է պատասխան կրակ:
Արդյունքում մեկ մարդ ծանր վիրավորվել է, և այժմ անկայուն առողջական վիճակում գտնվում է հիվանդանոցում: Բացի այդ, ականատեսների խոսքերով, անհայտ անձինք թալանել են խանութներից մեկը, որը գտնվում է բողոքի ակցիայի անցկացման վայրից ոչ հեռու: Ընդհանուր առմամբ, հիշատակի արարողությանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ, որոնց թվում ինչպես սևամորթ, այնպես էլ սպիտակամորթ քաղաքացիներ:
Ձերբակալվածների ընդհանուր թիվը Սենթ-Լուիսում գերազանցել է 80-ը: Մեկ գիշերում Ֆերգյուսոնում հրկիզվել ու կողոպտվել են 25 շենք: Ցույցերը տարածվել են ևս 38 նահանգում: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Երթից առաջ, որն սկսվել է տեղի ժամանակով 12:02-ին` այն պահին, երբ Մայքլ Բրաունի վրա կրակել էին, մասնակիցները լռությամբ հարգել են նրա հիշատակը 4.5 րոպե, այնքան, որքան դեռահասի դին մնացել էր փողոցում ընկած մինչև, որ նրան տարել էին: Հավաքվածներն ազատ են արձակել նաև երկու սպիտակ աղավնի մինչ երթի սկսելը:
Երթը կազմակերպել է մահացած Բրաունի հայրը` Մայքլ Բրաուն ավագը: Իսկ նմանատիպ երթեր անցկացվել են նաև ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, Բոստոնում ու Նյու Յորքում:
Ֆերգյուսոնում նախորդ տարվա օգոստոսին տեղի ունեցած միջադեպը Միացյալ Նահանգներում բողոքի լայնածավալ ալիքի տեղիք տվեց: Հաճախ դրանք հանգեցնում էին ոստիկանների հետ բախումների եւ բաց առճակատման: Բողոքի շարժումը լրացուցիչ թափ ստացավ անցյալ տարվա նոյեմբերին, երբ մեծ ժյուրին որոշում կայացրեց Ուիլսոնին մեղադրանք չառաջադրել:
Մարտին հրապարակվեցին քննության արդյունքները, որոնք ցույց տվեցին, որ Ֆերգյուսոնի ոստիկանական ծառայությունում լայնորեն տարածված է ռասայական խտրականությունը: Հենց նման խտրական վերաբերմունքն էլ փաստորեն պատճառ է դարձել թե՛ Ֆերգյուսոնի առաջին՝ մահվան ելքով միջադեպի, և թե՛ երկրորդ՝ օրերս տեղի ունեցած միջադեպի համար:
Ուշագրավն այն է, որ նման զեկույցի հրապարակումը հանգեցրել է բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների շարքի, այդ թվում՝ քաղաքային ոստիկանության ղեկավարի: Նրանք բոլորն էլ սպիտակամորթ են եղել և կարճ ժամանակամիջոցում փոխարինվել են սևամորթ գործընկերներով: Նշենք, որ Ֆերգյուսոնի բնակչության մեծամասնությունը՝ երկու երրորդը աֆրոամերիկացի սևամորթներ են: