Միջազգային իրավապաշտպանները չեն վստահում Ադրբեջանի նախագահին

17:14     12 օգոստոսի, 2015

Ադրբեջանում դաժան ծեծի հետևանքով սպանված լրագրող Ռասիմ Ալիևի գործի քննությունն անձնական վերահսկողության տակ վերցնելու մասին Իլհամ Ալիևի խոստումը հազիվ թե կօգնի վերականգնել արդարությունը, այսպես է արձագանքել  հեղինակավոր Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ռասիմ Ալիևի սպանության առթիվ Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական հայտարարություններին:

«Բավականին երկար ժամանակ ադրբեջանցի լրագրողները հետապնդումների և վերը նշված դեպքի նմանությամբ սարսափելի հարձակումների թիրախ են դարձել: Նրանց սպանությունների համար մեղադրվողները հաճախ չեն կանգնում արդարադատության առջև՝ չնայած «անաչառ» հետաքննությունների մասին ցինիկ հավաստիացումներին»,-երեկ հայտարարել է Amnesty International-ի փորձագետ Նատալիա Նոզաձեն:

Վերջինիս խոսքով՝ 2005-ին Ի. Ալիևն արդեն խոստացել էր «անձնական վերահսկողության ներքո առնել» լրագրող Էլմար Հուսեյնովի սպանության հետաքննությունը, սակայն գործը մնաց չբացահայտված:  «Նախագահ Ալիևի կառավարությունը պետք է անհապաղ ապահովի Ռասիմ Ալիևի սպանության իրապես մանրակրկիտ, անկախ և անաչառ հետաքննություն: Ազատ արտահայտման իրավունքն Ադրբեջանում այժմ հազիվ կենդանի կարելի է համարել: Իշխանությունները պետք է գործեն անհապաղ և արդյունավետ կերպով պաշտպանեն լրագրողներին, ովքեր ռիսկի են դիմում, որպեսզի ազատությունը վերջնականապես չմեռնի»,-նշել է իրավապաշտպանը:

  Հեցնենք, որ ադրբեջանցի լրագրող Ռասիմ Ալիևը Բաքվի հիվանդանոցում մահացել էր մայրաքաղաքի փողոցներից մեկում վեց տղամարդու կողմից դաժան ծեծի ենթարկվելուց մեկ օր անց: Հարձակումից առաջ լրագրողն իր Facebook-յան էջում քննադատության էր ենթարկել ադրբեջանցի ֆուտբոլիստի վարքը Կիպրոսում կայացած խաղի ժամանակ: Դրանից հետո Ալիևը ստացել էր հեռախոսազանգ, որի ընթացքում որպես ֆուտբոլիստի եղբայր ներկայացած անձնավորությունը քննադատել էր լրագրողի գրառումը: Այնուհետև անծանոթը կրկին զանգահարել էր, ներողություն խնդրել և առաջարկել հանդիպել: Հանդիպման վայրում, դուրս գալով ավտոմեքենայից, Ալիևը հարձակման էր ենթարկվել: Նշենք, որ Ռասիմ Ալիևը ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի էր արժանացել նաև 2013-ին՝ ընդդիմության հանրահավաքը լուսաբանելիս:

Ռասիմ Ալիևը գլխավորել էր «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» ՀԿ-ն, որը մոնիթորինգի էր ենթարկում ադրբեջանական ԶԼՄ-ները: Կազմակերպությունը ստիպված էր դադարեցնել գործունեությունն այն բանից հետո, երբ 2013-ին սառեցվել էին նրա բանկային հաշիվները, իսկ հիմնադիր Էմին Հուսեյնովի դեմ քրեական գործ էր հարուցվել:

Ռասիմ Ալիևի սպանության կապակցությամբ մտահոգություն է հայտնել նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը: Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով անհապաղ և լիարժեք հետաքննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ վերջինս նշել է. «Այս ողբերգական իրադարձությունը պետք է վերջին հիշեցումը լինի Ադրբեջանի իշխանություններին և միջազգային հանրությանն առ այն, որ այլևս այսպես շարունակվել չի կարող: Յուրաքանչյուրը կրկին պետք է ջանք գործադրի,  անի անհրաժեշտ ամեն ինչ իշխանության ու քաղհասարակության միջև երկխոսությունն ու վստահությունը վերականգնելու համար»:

Ալիևի սպանությունը դատապարտել են նաև «Լրագրողներ առանց սահմանների», «Լրագրողների պաշտպանության կոմիտե», «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա» և մի շարք այլ իրավապաշտպան կազմակերպություններ: 

 


© armedia.am