ԱՄՆ նախագահի թեկնածու, խոշոր գործարար և միլիարդատեր Դոնալդ Թրամփի շուրջ նորանոր սկանդալներ են բռնկվում:
Բանն այն է, որ Թրամփն օրերս վիրավորական խոսքեր էր հնչեցրել ամերիկյան Fox News-ով հեռարձակվող դեբատների համակարգող Մեգին Քելլինի հասցեին, ով Թրամփին հարցրել էր, թե ինչու՞ ընտրողներն իրենց ձայնը պետք է տան մի մարդու, ով կանանց անվանում է «ճարպոտ խոզեր, շներ, փնթիներ և զզվելի կենդանիներ»: Լրագրողուհուն ուղղված պատասխան վիրավորանքներից հետո Թրամփի կուսակցական ընկերները պահանջել են ներողություն խնդրել իր արտահայտությունների համար, իսկ հեղինակավոր ֆորումը չեղյալ է հայտարարել նրա ելույթը:
Այնուհանդերձ, իր վարկանիշով Դոնալդ Թրամփն ընթանում է հանրապետական 16 հավակնորդների առջևից և, ըստ վերջին պաշտոնական տվյալների, ստանալով հարցվածների 24 տոկոսի աջակցությունը: Սակայն, հարկ է նշել, որ հանրածանոթ անունն ու չափից դուրս անմիջականությունն ամենևին էլ չեն երաշխավորում, որ հենց Թրամփը կդառնա Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու:
Թրամփի և համակուսակցականների միջև հարաբերությունները կտրուկ վատացել են: Մասնավորապես Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշն իր մրցակցին իսկական ծաղրածու և խեղկատակ է անվանել: Բանն այն է, որ բացի վերոնշյալ սկանդալներից, Թրամփը Բուշին մեղադրել էր ներգաղթյալների նկատմամբ ավելի մեղմ քաղաքականություն վարելու կողմնակից լինելու մեջ, քանի որ Ջեբի կինը մեքսիկուհի է: Ընդ որում, Բուշն ինքը հիանալի խոսում է իսպաներեն, աջակցում է միգրացիոն բարեփոխումներին, հայտնում է The Washington Post-ը:
Նշենք, որ Բուշերի հանրահայտ ընտանիքի ներկայացուցիչ Ջեբ Բուշը հանրապետականների կազմում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցն է համարվում, սակայն այժմ լուրեր են պտտվում այն մասին, որ Հանրապետական կուսակցությունն այս բոլոր սկանդալներից հետո թույլ չի տա Թրամփին ներկայացնել այդ կուսակցությունն առաջիկա ընտրություններին:
Իսկ ինքը՝ Թրամփը, շրջանառվող այդ լուրերին ի պատասխան նշել է, որ նման պարագայում միայնակ կգնա ընտրությունների` որպես անկախ թեկնածու, հաղորդում է The New York Times-ը:
Ամեն դեպքում, անկախ այն բանից՝ արդյո՞ք Դոնալդ Թրամփը ԱՄՆ հերթական նախագահական ընտրություններին հանդես կգա որպես հանրապետականների ներկայացուցիչ, ինչպես և ի սկզբանե վճռված էր, թե՞ որպես անկախ թեկնածու, փաստն այն է, որ նա ստիպված կլինի հզորագույն մրցակցի հետ պայքարել՝ ի դեմս ԱՄՆ նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի, ում հաղթանակի հնարավորությունն այժմ չափազանց բարձր է գնահատվում թե՛ ԱՄՆ-ում, թե՛ դրա սահմաններից դուրս՝ քաղաքական և հասարակական ամենատարբեր շրջանակների կողմից: