Ավստրալական իշխանությունները մտադիր են վերացնել մոտ երկու միլիոն վայրի կատու և ամբողջությամբ ազատվել նրանցից 5 կղզիներում և մայրցամաքային 10 գոտիներում: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Գրեգ Հանգը: Կատուների դեմ ծրագրված ավստրալական իշխանությունների հնգամյա այս պատերազմը կոչված է Կանաչ մայրցամաքը կենդանական աշխարհի բնիկ ներկայացուցիչների համար ավելի անվտանգ դարձնել:
Վայրի կատուների խնդիրը թերևս համարվում է ամենամեծն Ավստրալիայում: Խնդիրը կայանում է նրանում, որ վայրի կատուները շատ արագ են բազմանում և սնվում են կրծողներով, թռչուններով և ոչնչացման եզրին հայտնված այլ կենդանատեսակներով:
Մեկ վայրի կատուն օրական ոչնչացնում է 3-20 կենդանիների: Վիճակագրության համաձայն՝ Կանաչ մայրցամաքում այսօր կա 20 միլիոն վայրի կատու, որոնք տարեկան ոչնչացնում են 75 միլիոն տեղական փոքր կենդանիների: 18-րդ դարի վերջին Ավստրալիայում կատուների հայտնվելուց հետո այդ կենդանիները նպաստել են տեղական կենդանիների 27 տեսակի ոչնչացմանը: Կատուների պատճառով այսօր ավելի քան 120 կենդանատեսակ Ավստրալիայում գտնվում է ոչնչացման եզրին:
Ավստրալիայի բոլոր նահանգներն արդեն համաձայնել են կատուներին ներառել վնասատուների ցուցակում և հնարավորինս կրճատել նրանց թվաքանակը:
Կենդանիներին ծրագրվում է ոչնչացնել գնդակահարության կամ պետության պատվերով մի շարք կենսատեխնոլոգիական ընկերությունների կողմից ստեղծված «Հետաքրքրասիրություն» կոչվող թունավոր խայծերի միջոցով:
Նշենք, որ կատուների դեմ պատերազմը պետք է ֆինանսավորվի պետական բյուջեից, ենթադրվում է, որ պետք է այդ նպատակով կհատկացվի մոտ 6 միլիոն դոլար:
«Մենք կատուների դեմ ոչինչ չունենք, բայց չենք հանդուրժի նրանց վնասակար կենսակերպը»,-նշում են ավստալացի պաշտոնյաները:
.