Ի՞նչ են կարդում համաշխարհային առաջնորդները

12:45     17 օգոստոսի, 2015

Նախագահների մասին մենք լսում ենք ամեն օր: Նրանք են ազդում  համաշխարհային քաղաքականության վրա: Նրանց կյանքը, մասնավորապես՝ քիչ հայտնի մանրամասները հետաքրքրում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Այսօր կներկայացնենք, թե ինչ գրքեր են գերադասում կարդալ այնպիսի քաղաքական խոշոր գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Բարաք Օբաման, ով վերջին կես դարում եղած ամերիկյան նախագահների մեջ «ամենակարդացողն» է համարվում, իսկապես խորամուխ է եղել գրականության մեջ: Նրա նախասիրությունները խիստ տարբեր են՝ սկսած ամերիկյան դասականներից՝ Ռալֆ Էմերսոն, Մարկ Տվեն, Հերման Մելվիլ, Էռնեստ Հեմինգուեյ, մինչ իրեն նախորդող գործընկերներների գրած հուշերը՝ Թոմաս Ջեֆֆերսոն, Աբրահամ Լինքոլն, ինչպես նաև ժամանակակից սիրված հեղինակները (Ալեքսանդր Սոլժենիցին, Ֆիլիպ Ռոթ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Թոնի Մորիսոն և Դորիս Lեսինգ):

Միացյալ Նահանգների ղեկավարն առաջնահերթ առանձնացնում է նաև Շեքսպիրին, ում թե՛  «Համլետը», թե՛ «Լիր արքան» իր կարծիքով այնպիսի գլուխգործոցներ են, որ կարելի է ամեն անգամ դրանք կարդալիս մի այնպիսի նոր բան գտնել, որն նախկինում նկատած չլինեիք:

Վլադիմիր Պուտինի ամենասիրելի հեղինակներից մեկը XI դարի պարսիկ բանաստեղծ Օմար Խայամն է: Նախագահը ոչ միայն պարզապես ընթերցում է Խայամի քառյակներն, այլև մշտապես նշումներ է կատարում նոթատետրում և ցիտում Խայամին հարկ եղած դեպքում:

Ռուսաստանի նախագահի գիրք կարդալու սովորությունը ձևավորվել է միջին դպրոցում, երբ, հիացած  ֆրանսիացի վարպետ Ալեքսանդր Դյումայի գործերով, Պուտինն օրերով «մոռացել է ուտելու և քնելու մասին»: Իսկ ռուս դասականներից ՌԴ նախագահը նախընտրում է Չեխովի, Տոլստոյի, Դոստոևսկու և Գորկու ստեղծագործությունները: ՌԴ առաջնորդը նաև սիրում է Պետրոս Մեծի, Եկատերինա թագուհու և այլ հայտնի անձանց կենսագրություններն ու հուշագրությունները կարդալ:

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի վարչապետին, ապա Դեյվիդ Քեմերոնի սիրած գրքերից է բրիտանացի գրող Ռոբերտ Գրեյվզի «Պարզապես այս ամենը» ստեղծագործությունը: Գիրքը հրատարակվել է 1929 թվականին և նկարագրում է կյանքն ու իրադարձությունները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ըստ BBC-ի՝ վարչապետը շատ  բարձր է գնահատում նաև Նիկոլաս Թալեբի «Սև կարապ» գիրքը, որը կյանքի ուղեցույցի պես մի բան է դարձել քաղաքական գործչի կյանքում:

Անգելա Մերկելը բազմիցս նշել է, որ իր կյանքի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած գիրքն «Աստվածաշունչն» է եղել: Ինչպես հաստատում է Deutsche Welle-ն, «Աստվածաշնչի» հետ Մերկելի ամուր կապն իր պատմությունն ունի, քանի որ Գերմանիայի կանցլերը ծնվել է մի շատ կրոնական ընտանիքում, նրա հայրը հովիվ է եղել, և աղջիկը շատ փոքր տարիներից դաստիարակվել է քրիստոնեական ոգով:

Ուշագրավ է, որ հերթական արձակուրդը մեկնելիս՝  Մերկելն իր հետ հանգստավայր է տարել Խորհրդային միության բռնապետ Իոսիֆ Ստալինի կենսագրությունը: Ինչպես նշել է կանցլերը, դա մի հրաշալի աշխատանք է գրված բրիտանացի պատմաբան Սիմոն Սեբագի կողմից:


© armedia.am