Ադրբեջանում բրիտանական British Petroleum նավթային ընկերության այս տարի կրճատման ենթակա աշխատակիցների 86 տոկոսը կազմելու են Ադրբեջանի քաղաքացիները, գրում է haqqin.az լրատվականը՝ հղում կատարելով ընկերության հաշվետվությանը:
Տեղեկությունների համաձայն՝ 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում բրիտանական նավթային ընկերությունն արդեն կրճատել է Ադրբեջանի 126 քաղաքացու:
Ավելի վաղ բրիտանական ընկերությունը հայտարարել էր, որ կրճատումները շարունակվելու են մինչև 2018 թվականը, և կրճատման ենթակա աշխատակիցների 90 տոկոսը պետք է լինի Ադրբեջանի քաղաքացի:
Պարզվում է՝ բրիտանացիների նկատմամբ ադրբեջանցիների դժգոհությունը միայն կրճատումներով չի պայմանավորված: Ընդհանրապես, ըստ Բաքվի, չնայած, որ բրիտանական ընկերությունը միլիարդավոր դոլարներ է աշխատում Ադրբեջանում, Լոնդոնը ընդհանրապես որևէ աջակցություն ցույց չի ցուցաբերում Ադրբեջանին՝ ո՛չ աշխարհաքաղաքական շահերի, ո՛չ էլ միջազգային ասպարեզում այս երկրի վարկանիշը բարձր պահելու հարցում:
Նախորդ շաբաթ Լեյլա և Արիֆ Յունուսների աղմկահարույց դատի կապակցությամբ արևմտյան բազմաթիվ երկրների շարքում Լոնդոնը ևս քննադատություններ էր հնչեցրել ադրբեջանական իշխանությունների հասցեին՝վերջիններիս մեղադրելով քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ: Եվ սա միակ դեպքը չէ, երբ Բաքուն ստիպված է եղել հիասթափվել իր տնտեսական կարևոր գործընկերոջից:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը նախորդ շաբաթ Ուկրաինա կատարած այցի ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատել է իր երկրի աջակցություն Կիևին «ռուսական ագրեսիայի» դեմ պայքարելու հարցում: Ֆելոնը նաև նշել է, որ Միացյալ թագավարության կողմից մարզվող ուկրաինացի զինվորների թիվը նախատեսվում է կրկնապատկել:
Բրիտանական ռազմական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունը տխրեցրել է Բաքվին, որը 23 տարվա նավթային համագործակցություն ընթացքում նմանատիպ աջակցության խոսքեր բրիտանական պաշտոնյաների կողմից չի լսել: Բաքվում արձանագրում են, որ չնայած այդ տարիներին Ադրբեջանի կառավարության և ВР-ի միջև Կասպից ծովի ադրբեջանական մասի նավթահանքերի յուրացման ավելի քան 20 պայմանագիր է ստորագրվել, սակայն Ադրբեջանն իրական աջակցություն Լոնդոնից այդպես էլ չի ստացվել:
Ադրբեջանցիներին զայրացնում է նաև այն, որ, չնայած ադրբեջանական կողմի ջանքերին, արևտյան պետությունները Ղարաբաղյան հակամարտությունը չեն դիտարկում իրենց տեսանկյունից և անգամ, ըստ որոշ վերլուծաբանների, հակված են աջակցելու Հայաստանին:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին բրիտանական իշխանությունների հրավերով Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային այցով մեկնել էր Լոնդոնը, ինչի առնչությամբ Ադրբեջանը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել:
Արդյունքում, Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները վատացնելու համար Բաքուն արդեն բավարար հիմքեր ունի՝ հաշվի առնելով առողջ քննադատության և կառուցողական մոտեցումների նկատմամբ Ալիևի վարչակարգի մերժողական մոտեցումը: