Այսօր հոգեբանական և տեղեկատվական պատերազմների ներքո ցանկացած եզրույթի ճիշտ օգտագործումը դառնում է առավել քան կարևոր: Ղարաբաղյան հակամարտությունը և դրա բանակցային գործընթացն այն զգայուն թեմաներից են, որոնց շուրջ Ադրբեջանը փորձում է բավականին լայն քարոզչություն իրականացնել և ամեն ինչ անում է դրա արդյունավետությունն ապահովելու համար: Նման պարագայում մեր իսկ կողմից օգտագործվող տերմիններին և անվանումներին ուշադիր լինելը դառնում է շատ էական ադրբեջանական քարոզչությունը չեզոքացնելու տեսանկյունից: Առաջին հայացքից չնչին նշանակություն ունեցող տերմինների սխալ օգտագործումն անգամ, կարող է հարված հասցնել մեր իսկ դիրքերին:
Հաճախ հանդիպող նման սխալներից է «ԼՂՀ-Ադրբեջան շփման գիծ» եզրույթի կիրառումը՝ ԼՂՀ-Ադրբեջան սահմանի փոխարեն:
«ԼՂՀ -Ադրբեջան շփման գիծ» ձևակերպման մեջ կան մի քանի խնդրահարույց կետեր, որոնք անհրաժեշտ է առանձին-առանձին ներկայացնել: Նախ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, չնայած միջազգայնորեն չճանաչված, սակայն պետական բոլոր ինստիտուտներով կայացած երկիր է և իր ժողովրդավարության մակարդակով անգամ գերազանցում է տարածաշրջանի որոշ երկրների: Հետևաբար, պետք է հնարավորինս խուսափել հանրային և միջազգային ընկալումներում նրա սուբյեկտայնությունը նվազեցնելուց:
Ինչ վերաբերում է «շփման գիծ» ձևակերպմանն, ապա ԼՂՀ-ն ունի հստակ ամրագրված տարածք իր սահմաններով, որի վրա տարածվում է ԼՂՀ ինքնիշխանությունը: Այս պարագայում «շփման գիծ» տերմինի օգտագործմամբ հարցականի տակ ենք դնում ԼՂՀ սուվերենությունը:
«ԼՂՀ-Ադրբեջան շփման գիծ» եզրույթի օգտագործումն առավել մեծ հարված է հասցնում մեր դիրքերին, երբ այն զուգահեռաբար օգտագործվում է «ՀՀ-Ադրբեջան սահման» ձևակերպման հետ համատեղ: «ՀՀ-Ադրբեջան սահման և ԼՂՀ -Ադրբեջան շփման գիծ» միասին օգտագործման օրինակների, ցավոք, հանդիպում ենք բավականին հաճախ, ընդ որում թե´ դեպի մեր, թե´դեպի միջազգային հանրություն ուղղված նյութերում:
Տարբեր կողմեր Ղարաբաղյան հակամարտությանը և դրա բանակցային գործընթացին վերաբերող իրենց տարբեր բառակազմերն ունեն, որոնց տակ ընկած են նրանց սեփական շահերը և առնվազն անտրամաբանական է, երբ մենք ենք դառնում այդ շահերի գերին: Ուստի, հայկական կողմերի՝ «ԼՂՀ-Ադրբեջան շփման գիծ» եզրույթի օգտագործումը որևէ կերպ ընդունելի համարվել չի կարող: Այս առումով ԼՂՀ-Ադրբեջան սահման տարբերակն ամենաընդունելին է, ինչն ընդգծում է ԼՂՀ սուբյեկտայնությունը, շեշտում է հատակ սահմանների առկայությունը, ինչպես նաև նպաստում է հայկական կողմերի դիրքերի ամրապնդմանը բանակցային գործընթացում և ընդհանրապես: