ԱՄՆ-ը կշարունակի Թուրքիային աջակցել անվտանգության ոլորտում. Պետդեպ

09:58     18 օգոստոսի, 2015

ԱՄՆ-ն նախկինի պես պահպանում է Թուրքիայի հետ գործընկերային հարաբերությունները և մտադիր է օգնել անվտանգության ոլորտում։ Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Կիրբին, տեղեկացնում է ТАСС-ը:  

«Ինչ վերաբերում է Թուրքիայի անվտանգության ապահովման ոլորտում մեր հանձնառությանը, ապա այստեղ ոչինչ չի փոխվել: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է և վստահելի գործընկեր է ԻՊ-ի դեմ պայքարում»,-ասել է Կիրբին:

Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Անկարան թույլատրել էր իր երեք ռազմաբազաներում  Սիրիայում կռվող իսլամիստների դեմ պայքարի շրջանակներում ավիացիա տեղակայել: Ավելին, պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանում մնալու են հակահրթիռային պաշտպանության զգալի ուժեր, ներառյալ՝ ռազմական նավեր: 

ԱՄՆ-ն և Թուրքիան օգոստոսի 16-ին հայտարարել էին, որ ամերիկյան «Պետրիոտ» ՀՕՊ համակարգերը հոկտեմբերից հետո դուրս են բերվելու Թուրքիայի տարածքից։


© armedia.am