Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցն իրանագետ Վարդան Ոսկանյանը հետ:
- Եթե փորձենք անդրադառնալ քրդական խնդրին և Թուրքիայի քրդերի դեմ վարած քաղաքականությանը, ապա ինչպե՞ս այն կարող է անդրադառնալ թուրք-իրանական հարաբերությունների վրա:
- Քրդական խնդիր շատ դեպքերում եղել է գայթաքար երկու երկրների միջև հարաբերություններում: Նախկինում Իրանն այս գործոնն օգտագործել է՝ ունենալով չհայտարարաված հարաբերություններ Քրդական բանվորական կուսակցության հետ:
Ստեղծված նոր իրավիճակում երկու երկրների միջև որոշակի խնդիրներ կարող են առաջանալ տարածաշրջանում պատժամիջոցներից ազատված Իրանի կողմից շիական թևին տրվող աջակցության մեծացման հետ մեկտեղ: Մենք գիտենք, որ Թուրքիայում ալևիականության գործոնը (իսլամի շիական ուղղություն) մինչ այժմ Իրանի կողմից օգտագործվել է չնչին չափով, անգամ, կարելի է ասել, չի օգտագործվել: Նոր իրավիճակում հնարավոր է, որ իրանցիները սկսեն զգալի ուշադրություն դարձնել նաև այդ ուղղությանը:
Բացի այդ, պատժամիջոցների պատճառով Իրանը շատ հաճախ փորձում էր աչք փակել տարածաշրջանում հակաիանական տարբեր դրսևորումների վրա, որոնք առկա են նաև թուրքական կողմի թե′ հայտարարություններում և թե′ գործողություններում: Իրանի նման պահվածքը բացատրվում էր նրանով, որ Իրանն, Արևմուտքի հետ արդեն իսկ ունենալով լարված հարաբերություններ, չէր ցանկանում իր հարևան պետությունների հետ նոր խնդիրներ ստեղծել:
Բնականաբար, հիմա արդեն Իրանի այդ մտավախությունները կմնան հետևում և իրանցիներն իրենց թե′ գործողությունների և թե′ հռետորաբանության մակարդակով կսկսեն ավելի խիստ արձագանքել թուրքական կողմի նման ոտնձգություններին: Ասվածը վերաբերում է թե′ թուրք-իրանական հարաբերություններին, թե′ սիրիական հակամարտության հարցում Թուրքիայի դիրքորոշմանը, և թե′ ընդհանրապես տարածաշրջանում շիա ուղղության հետ կապված հարցերին:
Ի վերջո, գաղտնիք չէ, որ Իրանը շիականության առաջնորդ երկիր է և հավակնություն ունի իսլամական աշխարհում առաջատարի դիրքեր զբաղեցնել, նման հավակնություններ ունի նաև ներկայիս Էրդողանի իշխանությունը:
- Նոր իրավիճակում ինչպե՞ս Թուրքիան պետք է համադրի սեփական տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը՝ Իրանի հետ հարաբերություններում:
- Տնտեսական առումով Թուրքիան Իրանի պատժամիջոցներից շահում էր՝ հանդիսանալով այն օղակը, որն Իրանին օգնում էր շրջանցել պատժամիջոցները: Հիմա արդեն Թուրքիան, բնականաբար, կկորցնի իր այդ գործառույթը և դրանից ստացվող դիվիդենտները:
Տարածաշրջանում Իրանի և Թուրքիայի դիրքերը համեմատելիս հարկ է նաև արձանագրել մեկ այլ կարևոր փաստ. Իրանը, պահպանելով երկրի ներքին կայունությունը և դուրս գալով միջազգային մեկուսացումից, ստանում է զարգացման լուրջ հեռնակարներ, այն դեպքում, երբ Թուրքիան փաստացիորեն մատնվում է ներքաղաքական ճգնաժամի: Թուրքիայի ներսում աննախադեպ կերպով սրվել է քրդական հիմնախնդիրը և երկրը զգալի միջոցներ է վատնում այդ խնդիրի կարգավորման համար: Թուրքիան նաև զգալի ուշադրություն և միջոցներ է ծախսում Սիրիայի հիմնախնդրի հարցում:
Ուստի, եթե փորձենք համառոտ ամփոփել ասվածը, ապա պետք է նշենք, որ Իրանի դիրքերը տարածաշրջանում ամրանում են, իսկ Թուրքիայինն ընդհակառակը՝ կարծես թե թուլանում են: