Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է «BBC»-ին «ՔԲԿ-ի քարոզչությունն անելու մեջ», հայտնում է թուրքական «Radikal» լրատվականը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Միացյալ Թագավորության, ինչպես նաև ԵՄ-ի անդամ երկրների կողմից որպես ահաբեկչական կազմակերպություն որակված այս ապօրինի կառույցը «BBC»-ի կողմից ներկայացվում է որպես մեկ այլ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող անմեղ կազմակերպություն: Սա մեզ համար անընդունելի է»:
Ավելի վաղ օգոստոսի 19-ի «BBC»-ի` ՔԲԿ-ի վերաբերյալ լուրերում մասնավորապես ասվել է.
«ՔԲԿ-ն 30 տարի է ինչ պատերազմ է մղում թուրքական կառավարության դեմ: Թուրքիայի, ինչպես նաև շատ Արևմտյան երկրների կողմից ՔԲԿ-ն դիտարկվում է, որպես ահաբեկչական կազմակերպություն, սակայն այժմ այն ԻՊ-ի դեմ պատերազմում առանցքային դեր ունի»: