Վրաստանի վարչապետը կոչ է անում խուճապի չմատնվել լարիի անկման պատճառով

21:07     25 օգոստոսի, 2015

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին  հայտարարել է, որ վրացական արժույթի՝ լարիի անկման հարցում իրենց տեղն ունեն բացարձակ ակնհայտ սպեկուլյացիներն ու աժիոտաժը:

Ղարիբաշվիլին գործարարներին ու բնակչությանը կոչ է արել չմատնվել այն խուճապին, որը ստեղծում են ԶԼՄ-ներն ու փորձագետները, այլ առաջնորդվել կառավարության ու Վրաստանի Կենտրոնական բանկի տրամադրած պաշտոնական տեղեկություններով:

 Ֆինանսների նախարար Նոդար Խադուրին պաշտպանել է վարչապետի կարծիքը, որ երկրում «սպեկուլյացիա» է իրականացվում: Նա վստահություն է հայտնել, որ լարիի փոխարժեքը շուտով կկայունանա։

Վրաստանի ազգային արժույթը սկսել էր կտրուկ արժեզրկվել անցած տարվա նոյեմբերից: Ամառային սեզոնի սկզբից լարիի փոխարժեքը կայունացել էր, սակայն զգալի անկումը վերսկսվել է հուլիսի 14-ից, երբ լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ դարձել է 2,25, իսկ օգոստոսի 7-ին՝ հասել 2,30-ի: Վրաստանի կենտրոնական բանկն օգոստոսի 25-ին դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը հաստատել է 2,3640 լարիի մակարդակում:


© armedia.am