ԵԽԽՎ-ն բավական բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշում է դրսևորում: Այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և ԵԽԽՎ ներկայացուցիչ Մելիցա Մարկովիչի հանդիպումը:
«Ադրբեջանում վերջին ժամանակներս սարսափելի բաներ են կատարվում մարդու իրավունքների ոլորտում: ԵԽԽՎ-ն կառույց է, որը կոչված է արձագանքել, նրա պասիվ կեցվածքը նշանակում է, որ Ադրբեջանը նորից անցել է իր կողմից վաղուց մշակված խավիարային դիվանագիտության ռազմավարությանը՝ օգտագործելով եվրոպացի պաշտոնյաների գաստրոնոմիական նախընտրությունները»,-ասել է Դավիթ Բաբայանը:
Մեկնաբանելով Սարսանգի ջրամբարի և «Ադրբեջանի սահմանամեձ բնակավայրերի բնակիչներին միտումնավոր խմելու ջրից զրկելու մասին » Մամեդյարովի հայտարարությունը՝ Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ հայկական կողմը չի կարող թույլ տալ, որ թշնամաբար տրամադրված պետությունը հնարավորություն ստանա ոտնձգություն կատարել Հայաստանի ու Անցախի ջրային անվտանգության նկատմամբ: Նա հիշեցրել է, որ Քարվաճառից սկիզբ են առնում գետեր, որոնք լցվում են Սևանա լիճը, և դրանք ապահովում են Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսը:
«Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարին, ապա պաշտոնապես Ստեփանակերտը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել ջրային պաշարների հարցը, բայց սկզբում անհրաժեշտ են վստահությունն ամրապնդող միջոցոռումներ: Մեզ համար հարցի լուծումը հնարավոր է միայն պարիտետային սկզբունքով»,-ընդգծել է Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ այժմ Բաքվում է ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչը, ում այցի նպատակը «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին միտումնավոր խմելու ջրից զրկելու մասին» վերտառությամբ զեկույցի պատրաստումն է: