Ռուսական տնտեսագիտական բարձրագույն դպրոցի փորձագետները կանխատեսել են Ադրբեջանի ազգային արժույթի արժեզրկում առաջիկայում: Այս մասին գրում է ադրբեջանական Haqqin.az-ը՝ հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին: Կայքի փոխանցմամբ, մանաթի արժեքի անկումն առաջիկայում պայմանավորված կլինի նավթի և գազի խոշորագույն սպառող Չինաստանի կողմից վառելիքի նկատմամբ պահանջարկի նվազումով, ինչն արդեն իսկ հանգեցրել է ղազախական թենգեի արժեզրկման:
Այս ֆոնին հոռետեսական հրապարակումով է հանդես եկել նաև The New York Times հայտնի պարբերականը: «Նավթը, որը շատ երկրներ է կերակրում, սրընթաց կերպով վերածվում է սպառնալիքի նրանց տնտեսությունների համար»,-գրում է պարբերականն՝ ավելացնելով, թե «նավթ արտահանող շատ երկրներում աճում է ժողովրդական հուզումների և տնտեսական անկայունության վտանգը»: Ինչպես նշում է NY Times-ը՝ եթե մեկ տարի առաջ համաշխարհային շուկայում մեկ բարել վառելիքի գինը միջինում 103 դոլար էր կազմում, ապա այժմ այն 42 դոլար է, միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նավթի գինը նվազել է 6%-ով:
Լավատեսական չեն նաև առաջիկայում վառելիքի գնի կայունացման վերաբերյալ կանխատեսումները: Նավթի և գազի ամենախոշոր սպառող Չինաստանի տնտեսական անկայնությունը թույլ է տալիս ենթադրել, որ վառելիքի ցածր գինը շուկայում կպահպանվի շատ ավելի երկար, քան մինչև այժմ կանխատեսվում էր (ենթադրվում էր, որ մինչը 2016-ի կեսերը վառելիքի գինը շուկայում կկայունանա):
Հետաքրքիր է, որ չնայած վառելիքի ցածր գնի պատճառով արտահանող երկրների կրած վնասներին, ՕՊԵԿ-ը չի պատրաստվում կրճատել արտահանման ծավալները: Փորձագետների կարծիքով, ծոցի երկրների միջև սուր մրցակցություն է ծավալվել ասիական շուկայում դիրքերը պահպանելու համար, ուստի ո՛չ Սաուդյան Արաբիան, ո՛չ ՕՊԵԿ մյուս անդամները չեն պատրաստվում նվազեցնել արտահանման սեփական մասնաբաժինը: Վառելիքի գնի անկման պատճառներից է նաև ԱՄՆ-ի աճող էներգետիկ ինքնաբավությունը, որը գնալով կրճատում է վառելիքի ներկրման ծավալները Մերձավոր Արևելքից: Վառելիքի շուկայում իրավիճակն էլ ավելի կվատթարանա Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստորագրված համաձայնագրի վավերացումից հետո, երբ իսլամական հանրապետությունը շուկա վերադառնա արտահանման իր ողջ ներուժով:
Ինչպես նշում են փորձագետները, վառելիքի գնի անկման արդյունքում նավթ արտահանող երկրների ազգային արժույթների արժեզրկումն անխուսափելի է:
Իսկ «արժեզրկման հետևանքներից մեկը լինելու է հարվածը սպառողներին, գնաճն անխուսափելի է: Եվ դա այն դեպքում, երբ առաջիկայում բնակչության եկամտի աճ որևէ կերպ չի սպասվում... Իսկ ի՞նչ կլինի տնտեսության հետ: Ոչինչ, միայն կոշտ վայրէջք»,-գրում է ադրբեջանցի փորձագետ Ռաշիդ Ալիևը:
Վառելիք գնի անկումից, հասկանալի է, որ տուժում են նավթարտահանող բոլոր տնտեսությունները, այդ թվում և Ադրբեջանը, որի պետբյուջեի 60 տոկոսը կազմում են վառելիքի վաճառքից ստացվող եկամուտները: Ակնհայտ է նաև, որ սոցիալական վիճակի վատթարացումը հանգեցնելու է սոցիալական դժգոհության մեծ ալիքի, սակայն Ադրբեջանի իրավիճակն առանձնահատուկ է նրանով, որ այս երկրում առաջիկայում կանխատեսվող տնտեսական դժվարություններից անկախ առանց այն էլ սոցիալական դժգոհության բավարար հիմքեր կան: Վերջիններիս շարքում է սոցիալական խիստ անհավասարությունը՝ շարքային ադրբեջանցիների սոցիալական ծանր վիճակը ալիևյան կլանի հսկայական կարողության ֆոնին (միայն վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանում գրանցվել է սոցիալական ծանր վիճակի պատճառով ինքնահրկիզման մի քանի դեպք): Դժգոհության առիթ են նաև վերջին շրջանում քաղաքացիների ազատությունների և իրավունքների կոպիտ ոտնահարումները, ինչի ապացույցը տասնյակ քաղբանտարկյալների առկայությունն է այս երկրում: Այս ամենի ֆոնին ադրբեջանական տնտեսության անկումն անխուսափելիորեն հանգեցնելու է երկրում սահմանված կարգերից դժգոհ հասարակական զանգվածի ակտիվացման:
Սա քաջ գիտակցում է նաև Ադրբեջանի իշխող վերնախավը, թերևս սա է հենց պատճառը, որ վերջին շրջանում էլ ավելի են ակտիվացել թշնամանքի քարոզչությունն ու միլիտարիստական հռետորաբանությունը հարևան երկրում:
Այս իրավիճակը բնականաբար կրում է մարտահրավերներ մեզ համար, որոնցից թերևս առավել մտահոգիչը ՀՀ և ԼՂՀ սահմաններին հակառակորդի ուժերի պարբերական ակտիվացումն է: Բայց մյուս կողմից այն նաև որոշակի հնարավորություններ է ստեղծում: Հայկական ուժերը մեկ անգամ չեն ապացուցել, որ կարող են արժանի հակահարված հասցնել թշնամուն. վերջին ապացույցը օգոստոսի 22-23 իրադարձություններն էին, երբ հարձակումից հետո հակառակորդը ստիպված էր նահանջել մեծ կորուստներով: Իսկ ղարաբաղյան ճակատում ցանկացած անհաջողություն անխուսափելիորեն հանգեցնելու է սեփական իշխանություններից հասարակական դժգոհության էլ ավելի սրման, արդյունքում նաև ներքին անկայունության աճի Ադրբեջանում: