Սթիվեն Հոքինգի նոր տեսության համաձայն՝ մարդիկ կարող են անցնել սև խոռոչներով, այլ ոչ թե անհետանալ դրանց մեջ, գրում է The Independent-ը:
Ըստ նրա տեսության՝ այն «տիեզերական դժբախտ ճանապարհորդները», որոնք կհայտնվեն սև խոռոչում, երբեք ի վիճակի չեն լինի վերադառնալ, բայց կարող են հայտնվել ցանկացած այլ վայրում»: Այս մասին Հոքինգը հայտնել է Ստոկհոլմում կայացած ասուլիսի ժամանակ:
«Սև խոռոչներն իրականում փակուղիներ չեն, ինչպես կարծում էին գիտնականները նախկինում, այլ հանդիսանում են մուտք դեպի այլ տիեզերքներ: Այլընտրանքային տեսության առկայությունը ենթադրում է, որ դա հնարավոր է», - ասել է նա:
Հոքինգի առաջարկը համարվում է փորձ պատասխանելու աստղաֆիզիկոսների այն հարցին, թե ինչ է պատահում իրերի հետ, երբ նրանք հայտնվում են այնտեղ, որտեղ անգամ լույսը չի կարող թափանցել: Օբյեկտի անհետացման տեղեկությունները պետք է պահպանվեն, սակայն թե որտեղ է պետք այն փնտրել, այդ հարցը տանջում է գիտնականներին:
Հոքինգի խոսքերով ՝ տեղեկությունը պահվում է մարմնի անհետացման հորիզոնում: Քանի որ այն երբեք հետ չի գա, այդ պատճառով թողնում է իր ողջ տեղեկությունների բազան սև խոռոչի «այս» կողմում: