ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն օգոստոսի 26-ին ժամանել է Վրաստան, որտեղ հանդիպում է ունեցել երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ. նա նաև մասնակցելու է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի բացմանը:
Ինչպես հաղորդում է Sputnik-ի վրացական ծառայությունը, Մարգվելաշվիլին և Ստոլտենբերգը քննարկել են ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելությանը վրաց զինծառայողների մասնակցությունը:
ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական կենտրոնը կբացվի այն միջոցների փաթեթի շրջանակում, որոնք աջակցում են Վրաստանին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում. հարցը քննարկվել էր 2014թ. Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ: Կենտրոնում պատրաստականություն են անցնելուՆԱՏՕ-ի ու դաշինքի դաշնակից երկրների զինծառայողները:
«Իր մասշտաբներով, գործառույթներով և նշանակությամբ այս կետրոնը կլինի ամենախոշոր համատեղ նախագծերից մեկը, որը մենք իրագործելու ենք ուելսյան փաթեթի շրջանակում… Կարծում եմ՝ այս միջոցառումը, ի վերջո, ծառայելու է ոչ միայն Վրաստանի անվտանգությանն ու նրա շահերին, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»,- լրագրողների հետ զրույցում, BBC-ի փոխանցմամբ, ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:
Փետրվարին, ելույթ ունենալով Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստից հետո, Յենս Ստոլտենբերգն ասել էր, որ դաշինքի մի քանի անդամներ փաթեթի իրագործմանը ներդրում կատարելու պատրաստակամություն են հայտնել: