Թուրքիայի օդային ուժերին պատկանող երկու մարտական ուղղաթիռներ Ադրբեջան են հասել Վրաստանի օդային տարածքով:
«Գրուզիա Online»-ի փոխանցմամբ՝ այս մասին Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Ուղղաթիռների թռիչքի հետ կապված` վրացական որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Շիդա (ներքին) Քարթլի շրջանի տարածքով Ադրբեջանի ուղղությամբ թռչող ուղղաթիռները պատկանում են Ռուսաստանի զինված ուժերին: Այդ առնչությամբ Վրաստանի ՊՆ-ը հայտարարել է. «Մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, որ ռուսաստանյան ուղղաթիռները խախտել են Վրաստանի օդային տարածքը, չի համապատասխանում իրականությանը: Շիդա Քարթլի շրջանի տարածքում հայտնված ուղղաթիռները պատկանում են Թուրքիայի զինված ուժերին, և նրանք Ադրբեջանի ուղղությամբ թռել են Վրաստանի թույլտվությամբ»:
Նշենք, որ թուրքական մարտական ուղղաթիռներն Ադրբեջան են թռչել TurAz Qartalı - 2015 թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զինավարժանքներին մասնակցելու համար: Զինավարժանքներն անցկացվում են օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 18-ը: Զինավարժանքներին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի օդուժի 30-ից ավելի ավիացիոն միջոցներ, այդ թվում` Mig-29, F-16 կործանիչներ, Սու-25, F-4E ռամբակոծիչներ, C-130 Herkules տրանսպորտային ինքնաթիռներ, Mi-35, Mi-17 մարտական ինքնաթիռներ, Sikorski UH-60 տրանսպորտամարտական ինքնաթիռներ, Cougar AS532 որոնողական-փրկարար ուղղաթիռներ:
Նշվում է նաև, որ զինավարժանքների ժամանակ ծրագրվում է ուսումնասիրել երկու երկրների օդուժի համատեղ գործունեության հնարավորությունները: