ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանում Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պատվիրակության կազմում են լինելու նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, Պետդումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, ինչպես և ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը:
Լավրովն արդեն հայտարարել է, թե Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, եթե նման առաջարկ լինի ամերիկյան գործընկերների կողմից: Արտգործնախարարը հավելել է նաև, որ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը միակ հարթակը չէ, ուր կարող են հանդիպել ՌԴ և ԱՄՆ նախագահները: Ըստ նրա՝ առաջիկայում նախատեսվում են նաև 20-ի խմբի, ԱԽՏՀ գագաթաժողովները:
Մյուս կողմից հայտնի է դարձել, որ Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին պատրաստվում է մասնակցել նաև Ուկրաինայի նախագահ Պետեր Պորոշենկոն: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը: Վերջինիս խոսքով՝ նստաշրջանը կարող է նորմանդական քառյակի ղեկավարների հանդիպման հնարավորություն ընձեռել, թեև այդ մասին պայմանավորվածություն դեռևս չկա:
Նշենք, որ Ուկրաինայի նախագահը երեկ գրառում էր կատարել Facebook-յան իր էջում, որտեղ խոսել էր առաջիկայում «նորմանդական քառյակի» հնարավոր հանդիպման մասին: Պորոշենկոն նշել էր, թե հանդիպման ընթացքում ինքը պատրաստվում է բարձրացնել Ռուսաստանում գտնվող օդաչու Նադեժդա Սավչենկոյի և ազատազրկված կինոռեժիսոր Օլեգ Սենցովի հարցը: «Օրակարգում են նաև հրադադարի ռեժիմը, խաղաղ բնակչության շրջանում զոհերի, զինուժը հետ քաշելու և ԵԱՀԿ մշտական դիրքեր կառուցելու հարցերը, որոնք ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման երաշխիք պետք է լինեն»,-գրել էր Պորոշենկոն: