Եվրամիությունում նախագահող Լյուքսեմբուրգը հայտարարել է անօրինական ներգաղթյալների հարցով սեպտեմբերի 14-ին ԵՄ արդարադատության և ներքին գործերի նախարարների արտահերթ նիստ գումարելու մասին:
«Ներգաղթով պայմանավորված իրավիճակը Եվրամիության տարածքում և դրա սահմաններից դուրս վերջերս աննախադեպ թափ է առել: Տեղերում ճնշման քայլերի և քաղաքական գործողությունների վերլուծություն անցկացնելու, ինչպես նաև եվրոպական պատասխանի ապագա փուլերը քննարկելու համար Լյուքսեմբուրգի Միգրացիայի և ապաստանի հարցերով նախարար Ժան Ասելբորնը որոշել է գումարել արդարադատության և ներքին գործերի հարցերով արտակարգ խորհուրդ»,- ասվում է ԵՄ պաշտոնական կոմյունիկեում:
Այսպես, ԵՄ սահմանների պաշտպանության գործակալության՝ Frontex-ի տվյալներով՝ միայն այս տարվա հունվար-հուլիս ամիսների ընթացքում Եվրոպա են ժամանել 340 հազար անօրինական միգրանտներ, ինչը 175 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա այս ցուցանիշը: Սակայն միգրացիոն ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ռազմավարություն չկա ո՛չ Բրյուսելում, ո՛չ եվրոպական որևէ այլ մայրաքաղաքում:
Այսպես, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարներն առաջարկում են Իտալիայում և Հունաստանում ստեղծել հատուկ կենտրոններ, որտեղ միգրանտներին կգրանցեն և կորոշեն նրանց հետագա ճակատագիրը: Սակայն այս առաջարկն այդքան էլ դուր չի գալիս Հռոմին և Աթենքին: Սպասվում է, որ միգրանտների հոսքը գնալով ավելանալու է, իսկ միջերկրածովյան այս երկրներն այժմ այնքան էլ լավ տնտեսական վիճակում չեն, որպեսզի ընդունեն այդ քանակությամբ միգրանտների: Իսկ Եվրոպան չի պատրաստվում միգրանտների ծախսերը կիսել իրենց հետ:
Լոնդոնում և եվրոպական մի շարք մայրաքաղաքներում առաջարկում են սահմանափակել ԵՄ-ում ազատ տեղաշարժի իրավունքը: Եվրոպական որոշ երկրներ էլ, առանց սպասելու միասնական որոշման, փակում են սահմանները միգրանտների համար: Խնդրի կարգավորման այս տարբերակը ևս ոչ բոլոր եվրոպական երկրներն են ողջունում: Այսպես, Սերբիայի հետ սահմանին պատ կառուցելու համար Փարիզը խիստ քննադատության է ենթարկել Բուդապեշտին:
Եվրոպայում միգրանտների հարցի կարգավորման շուրջ տարաձայնությունների խորացման ֆոնին միգրանտներն արդեն պահանջներ են ներակայացնում եվրոպական իշխանություններին: Հունգարիայում միգրանտներն իշխանություններից Գերմանիա անցնելու թույլտվություն են պահանջում, Իտալիայում և Հունաստանում՝ գրանցման գործընթացի արագացում, ինչպես նաև Անգլիա կամ Գերմանիա տեղափոխվելու թույլտվություն: Անգլիայում փախստականները պահանջում են մեծացնել սոցիալական օգնությունը: Միևնույն ժամանակ տեղական իշխանությունները միգրանտների այդ բողոքները ստիպված են լինում բավարարել, քանի որ հակառակ դեպքում քննադատության են ենթարկվում որպես ֆաշիստներ: