Իրանական միջուկային համաձայնագիրը և Իրան - Արևմուտք հարաբերությունների բարելավումը ստիպում է վաղեմի մրցակիցներին երկխոսության եզրեր փնտրել: Զգուշանալով տարածաշրջանում Իրանի ազդեցության ուժեղացումից` Սաուդյան Արաբիան և Իսրայելը փորձում են միասնական ճակատ ստեղծել: Նշենք̦ որ այս երկրները դժկամությամբ ընդունեցին Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված միջուկային գործարքը̦ թեև սաուդական թագավորությունը̦ ի տարբերություն Իսրայելի̦ պաշտոնական մակարդակով ողջունեց համաձայնագրի կնքումը:
Իսրայելական The Algemeiner կայքը̦ հղում անելով The Wall Street Journal-ին̦ գրում է̦ որ սաուդական զինված ուժերի թոշակի անցած գեներալ Անվար Էշքին իր «անձնական նպատակն» է համարում խաղաղություն հաստատել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև: Սաուդական կառավարության նախկին գլխավոր խորհրդականը Վաշինգտոնում կոնֆերանսին եկել է Իսրայելի ԱԳՆ-ի գլխավոր տնօրեն և վարչապետ Բենյամին Նեթանյահուի վաղեմի ընկեր Դորի Գոլդի հետ: Սաուդացի գեներալը ցանկություն է հայտնել խաղաղություն կառուցել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև̦ քանի որ անհրաժեշտ է դիմագրավել տարածաշրջանում Իրանի ապակայունացնող ազդեցության տարածմանը:
«Իմ և Դորի Գոլդի գլխավոր ծրագիրն Իսրայելի և արաբական երկրների միջև խաղաղության հաստատումն է»̦- ասել է սաուդացի գեներալը: Միաժամանակ նա ընդգծել է̦ որ այս նախաձեռնությունն «անձնական» բնույթ ունի̦ սակայն «Էլ Ռիյադը տեղյակ է ծրագրի մասին̦ և դեմ չէ դրան̦ քանի որ զգում է խաղաղության կարիքը»: Էշքին նաև նշել է̦ որ Իրանի հարցում Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի ծրագրերն ամբողջովին չեն համընկնում̦ հատկապես Իրանին հարվածելու հարցում: Սակայն նրանք մտադիր են դիմագրավել «Պարսկական կայսրությունը» վերականգնելու իրանական ծրագրերին:
Հիշեցնենք̦ որ վերջին շրջանում լրատվամիջոցները հաճախ էին հայտնում Իսրայելի և սաուդական թագավորության միջև ընթացող գաղտնի բանակցությունների մասին̦ որոնք միջուկային համաձայնագրի կնքումից հետո հավանաբար ավելի ինտենսիվ բնույթ են ստացել: Իսրայել - Սաուդյան Արաբիա մերձեցումը միջուկային գործարքի կանխատեսելի հետևանքներից էր: Մոտ ապագայում հավանաբար ականատես կլինենք նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորմանը: