«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Կովկասի և Ադրբեջանի հետ կապված ծրագրեր ունի, և ես ուզում եմ, որ Թուրքիան օգնի աֆղանցի թյուրքերին:
Ինչպես նշում է Artsakhpress-ը՝ «Անատոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Աֆղանստանի փոխնախագահ Աբդուռաշիդ Դուստումը:
Նա նշել է, որ «Թալիբանն» ու ԻՊ-ն սպառնալիք են հանդիսանում ոչ միայն Աֆղանստանի, այլ նաև Միջին Ասիայի և ողջ աշխարհի համար:
«ԻՊ-ն ամբողջ աշխարհի թշնամին է: Նրանց ծրագրերի մեջ մտնում են նաև Ադրբեջանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը և Կովկասը: Այստեղ նրանք ցանկանում են անել այն, ինչ անում են Սիրիայում և Իրաքում», -ասել է գեներալ Դուստումը:
Աֆղանստանի փոխնախագահի խոսքով` այդ երկրում իրենց թյուրք համարող քաղաքացիները բազմաթիվ խնդիրների են առնչվում:
«Աֆղանստանում որոշ շրջանակներ չեն սիրում «թյուրքեր» բառը: Ես առաջարկում եմ, որպեսզի Աֆղանստանում բնակվող թուրքմենները և ուզբեկները կոչվեն թյուրքեր: Չնայած երկրում անցկացվող վերակառուցմանը՝ շրջաններում, որտեղ թյուրքեր են բնակվում, լուրջ նախագծեր չեն իրագործվում: Մենք Թուրքիայի նախագահին և վարչապետին խնդրում ենք այդ տարածաշրջաններում դպրոցներ և հիվանդանոցներ կառուցել: Աֆղանստանում թյուրքերը խիստ հետամնաց են: Մեր որոշ քաղաքներում դպրոցներ չկան: Ես ուզում եմ, որ Թուրքիան օգնի աֆղանցի թյուրքերին», -ասել է նա:
Նշենք, որ գեներալ Աբդուռաշիդ Դուստումի հայրն ուզբեկ է, մայրը` թյուրքմենուհի: