Եգիպտոսը 3-5 տարով կդադարեցնի գազի ներկրումը: Միջերկրական ծովում գազի խոշոր հանքավայրի հայտնաբերումը Եգիպոսին հնարավորություն կտա ինքնուրույն բավարարել վառելիքի սեփական պահանջարկը։ Այս մասին հայտարարել է Նավթի և հանքային ռեսուրսների հարցերով եգիպտական նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համդի Աբդելազիզը:
Իտալական Eni նավթագազային ընկերությունը, որն արդեն մի քանի տարի Միջերկրականում նավթաորոնողական աշխատանքներ է իրականացնում, նախօրեին հայտարարել է, որ Միջերկրական ծովում՝ Եգիպտոսի ափերի մոտ, հայտնաբերել է գազի բավական խոշոր հանքավայր: Նշվում է, որ դա Միջերկրական ծովում հայտնաբերված ամենախոշոր գազային հանքավայրն է: Գնահատականների համաձայն՝ Zohr հանքավայրի հզորությունը կարող է կազմել մոտ 850 միլիարդ խորանարդ մետր:
Այս հանքավայրի հայտնաբերումը կենսական նշանակություն ունի Եգիպտոսի համար, որն այժմ ապրում է վերջին տասնամյակների ընթացքում ամենալուրջ էներգետիկ ճգնաժամը: Իտալական ընկերությունում համոզված են, որ հանքավայրի ամբողջական շահագործման դեպքում այն մի քանի տասնամյակ կբավարարի Եգիպտոսի գազի աճող պահանջարկը: Մասնագետները կարծում են, որ այս հանքավայրի հայտնաբերումը թույլ կտա Եգիպտոսին գազ ներկրող երկրից կրկին վերածվել արտահանողի:
Մուբարաքի իշխանության տարիներին Եգիպտոսը գազ էր արտահանում Իսրայել և Հորդանան, սակայն վերջին շրջանում գազատարարի վրա իրականացված ահաբեկչությունների արդյունքում գազի մատակարարումը պարբերաբար ընդհատվում էր: Նոր հանքավայրը գտնվում է համեմատաբար անվտանգ շրջանում, և հնարավոր է, որ առաջիկա տարիներին Եգիպտոսն ընդլայնի գազի մատակարարման աշխարհագրությունը՝ գազ արտահանելով նաև եվրոպական որոշ երկրներ:
Նշենք, որ նոր հանաքավայրը կարող է ազդել նաև Իսրայելի շուկայի վրա, քանի որ նախկինում նախատեսված էր գազամատակարարումն ապահովել իսրայելական «Լևիաֆան» հանքավայրից, որի պաշարները ի դեպ 40 տոկոսով զիջում են եգիպտականին:
Zohr հանքավայրի հայտնաբերումը մեծապես կնպաստի Եգիպտոսի տնտեսության զարգացմանը, որը բավականին տուժել է վերջին չորս տարիների քաղաքական անկայունության հետևանքով: Նախատեսվում է, որ այս հանքավայրի, ինչպես նաև Սուեզի ջրանքի նոր հունի շահագործումը օտարերկրյա ներդրուներ կբերեն երկրի: Հենց վերջիններիս առկայությունն էր ժամանակին թույլ տալիս Մուբարաքին իրավիճակը երկրում ինչ-որ չափով վերահսկելի պահել: