2010 թվականին «Ազատության նավատորմիղի» միջադեպից հետո առաջին անգամ թուրքական պաշտոնական պատվիրակությունը ժամանում է Իսրայել: Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են̦ որ թուրքական պատվիրակությունն իսրայելցի պաշտոնյաների հետ քննարկելու է Հորդանանի ափի հարևանությամբ գտնվող Ջենին քաղաքի շրջանում արդյունաբերական գոտու ստեղծման հարցը: Ինչպես գրում է Israel National News-ը̦ Թուրքիան պլանավորում է 100 միլիոն դոլար ներդնել այս ծրագրում:
Նշենք̦ որ 2010 թվականի մայիսի 31-ին Իսրայելի ռազմածովային ուժերը հարձակում գործեցին վեց նավից բաղկացած «Ազատության նավատորմիղի» վրա̦ ինչից հետո երկու երկրների հարաբերությունները, համենայն դեպս պաշտոնական մակարդակում̦ լրջորեն վատթարացան: Թուրքիան պնդում էր, որ «Ազատության նավատորմիղը» մարդասիրական օգնություն էր տեղափոխում Գազայի հատված, մինչդեռ Իսրայելը վստահեցնում էր, որ նավերում գտնվող ակտիվիստները նաև զենք են ունեցել: Այն ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց̦ որ «Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններն այլևս երբեք նույնը չեն լինելու»: Ավելի ուշ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ-ի ճնշման ներքո միջադեպի համար ներողություն խնդրեց արդեն նախագահ դարձած Թայիփ Էրդողանից̦ ինչից հետո ակնկալվում էր̦ որ երկու երկրների միջև քաղաքական կապերը պետք է ակտիվանային: Բայց այս ուղղությամբ ակտիվ զարգացումներ չգրանցվեցին:
Եվ հիմա`5 տարի անց̦ երբ Արևմուտքը համաձայնագիր է կնքել Իրանի հետ̦ Թուրքիան և Իսրայելը ակտիվացնում են կապերը: Վերլուծաբանները կարծում են̦ որ իրականում թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը ձևական բնույթ է կրել: Այդ մասին է վկայում այն հանգամանքը̦ որ չնայած պաշտոնական ագրեսիվ հռետորաբանությանը` երկու երկրները շարունակել են զարգացնել տնտեսական հարաբերությունները̦ առևտրաշրջանառության մակարդակը միայն աճել է: Վատթարացնելով իր հարաբերություններն Իսրայելի հետ` Թուրքիան ցանկացել է ակտիվացնել կապերն արաբական աշխարհի հետ` փորձելով կյանքի կոչել մուսուլմանական աշխարհի առաջնորդ ներկայանալու իր վաղեմի նկրտումները:
Իսկ իրականում Թուրքիան և Իսրայելը ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերություններ ունեն: Թուրքիան առաջին մուսուլմանական պետությունն է̦ որ 1949 թվականին ճանաչեց Իսրայել պետությունը: Իսկ Իսրայելն էլ մշտապես փորձել է զարգացնել իր հարաբերությունները ոչ արաբական մուսուլմանական երկրների հետ: Եվ հիմա տարածաշրջանում իրանական ազդեցության տարածմանը դիմագրավելու անհրաժեշտությունը կրկին ստիպում է Թուրքիային և Իսրայելին միավորել ուժերը: