Թուրքիայում իշխանությունների և Քուրդիստանի աշխատավորական կուսացության (PKK) միջև առճակատումը նոր փուլ է թևակոխում: PKK-ի զինյալները գյուղական շրջաններից տեղափոխվում են քաղաքներ` ավելի պայթյունավտանգ դարձնելով իրավիճակը երկրում: Ինչպես նշում է Today’s Zaman-ը, նախկինում PKK-ն գործում էր գլխավորապես գյուղական և լեռնային շրջաններում, իսկ այժմ քաղաքի բնակիչները ևս կարող են դառնալ PKK-ի ահաբեկչությունների զոհ:
Նշվում է, որ Իրաքի Կանդիլ լեռներում գոտում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ PKK-ն որոշում է կայացրել նոր մարտավարություն որդեգրել և պարտիզանական պայքար սկսել քաղաքներում: Հենց այդ նպատակով PKK-ն նոր կառույցներ է ստեղծում քաղաքներում:
Նշենք, որ Դիարբեքիրում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 ամյա դեռահաս է զոհվել: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Ներքին գործերի նախարարությունը քայլեր է ձեռնարկում PKK-ի գործողությունները չեզոքացնելու համար: Այսուհետ բոլոր նրանք, ովքեր կօգնեն հայտնաբերել կամ ձերբակակել ահաբեկիչներին, մինչև 4 միլիոն թուրքական լիրա պարգևավճար կարող են ստանալ:
Կարող ենք ենթադրել, որ PKK-ի ռազմավարության փոփոխությունը պայմանավորված է թուրքական ղեկավարության թույլատրած ավիահարվածներին: Քրդական խաղաղ գործընթացը ավարտին հասցնելու փոխարեն թուրքական իշխանությունները գերադասեցին վերսկսել պատերազմը քրդերի հետ, ինչի արդյունքում տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվում: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս են Էրդողանն ու Դավութօղլուն հասարակությանը բացատրելու PKK-ի դեմ նմանօրինակ պատերազմ սկսելու անհրաժեշտությունը կամ ինչպե՞ս են օգուտներ ստանալու այս գործողություններից արտահերթ ընտրությունների ժամանակ: Չէ որ մի ժամանակ հենց նրանք էին հանրությանն ապացուցում քրդական հարցը լուծելու կարևորությունը` մատնանշելով այն օգուտները, որ երկիրը ստանալու է քրդերի հետ խաղաղությունից: