Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է կառավարությունում կադրային նոր փոփոխությունների մասին։ Զբաղեցրած պաշտոնից ազատվել է արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին։
Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարի պաշտոնում նշանակվել է Թբիլիսիի նախկին փոխքաղաքապետ Դմիտրի Կումսիշվիլին։ Ինչ վերաբերում է Թամար Բերուչաշվիլիին, Վրաստանի վարչապետը նոր արտգործնախարարին հանձնարարել է անձամբ որոշել, թե որտեղ է նա շարունակելու իր աշխատանքը։ Նշվում է նաև, որ Բերուչաշվիլին ներկա չի եղել նոր նախարարների նշանակմանը։ Ըստ Վրաստանի օրենսդրության՝ անհրաժեշտ չէ, որպեսզի խորհրդարանը վստահություն հայտնի կառավարության նոր կազմին։