Նավթի համաշխարհային գների անկումից, մանաթի արժեզրկումից և արտարժույթի պահուստի զգալի կրճատումից հետո Ադրբեջանը՝ խիստ ծանր տնտեսական վիճակում պատրաստվում է նոյեմբերի 1-ին անցկացնել խորհրդարանական հերթական ընտրությունները: Միլի Մեջլիսում տեղերի մեծամասնության հիմնական հավակնորդը հերթական անգամ իշխող Նոր Ադրբեջան կուսակցությունն է, որը ղեկավարում է Իլհամ Ալիևը:
Հարկ է նշել, որ հիմնական լարվածությունն առաջանում է կապված գյուլենականների ու Քրդական բանվորական կուսակցության հետ առնչություն ունեցող պատգամավորների հետ: Ինչպես հայտնում է «Ազադլիգ» կայքը՝ Թուրքիան այս անգամ ևս որոշել է կարգ ու կանոն հաստատել իր «կրտսեր եղբայր» Ադրբեջանի ներքաղաքական կյանքում: Թուրքիայի իշխանությունները հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ի խայտառակ պարտությունն Ադրբեջանում բնակվող Թուրքիայի քաղաքացիների շրջանում կապում են այն հանգամանքի հետ, որ Գյուլենի ցանցն այդտեղի թուրք համայնքում շատ համախոհներ ունի: Այդ իսկ պատճառով Ադրբեջանից պահանջում են խորհրդարան չթողնել Գյուլենի ցանցի և PKK-ի համախոհ պատգամավորներին:
Այս ամենը, սակայն, արդեն զարմանալի չի թվում՝ հաշվի առնելով Ադրբեջանում ժողովրդավարության ցածր մակարդակն ու հասարակական կազմակերպությունների ու լրագրողների հանդեպ բռնաճնշումները: Այդ համատեքստում քաղաքական ուժերի հանդեպ ճնշումները հազիվ թե բացառություն լինեին: Սակայն, առավել զարմանալին միջազգային հանրության արձագանքն է, ավելի ճիշտ՝ ադեկվատ արձագանքի բացակայությունը:
Չնայած նրան, որ Ադրբեջանը պահանջեց Բաքվից հեռացնել ԵԱՀԿ գրասենյակը, այսօր ԵԽԽՎ-ն պատրաստակամություն է հայտնում դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին: Նշենք, որ ԵԽԽՎ պատվիրակությունը մշտապես ընդգրկվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության կազմում:
Բաքուն նման առաջարկ է արել ԵԽԽՎ-ին այն բանից հետո, երբ «Բաքու-2015» խաղերից առաջ եվրոպական պետությունները և ԵՄ-ին կից միջազգային կազմակերպությունները խոսքի ու մամուլի ազատության, նաև քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ Բաքվի իշխանությունների վրա մեծ ճնշումներ էին գործադրում:
Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ «դեմոկրատական» Ադրբեջանում ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես կայանալիք ընտրություններում որևէ լուրջ քաղաքական պայքար և անակնկալներ չեն ակնկալվում: Հատկանշականն այն է, որ նույնիսկ Ադրբեջանի հասարակությունը հույսեր չի կապում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, ինչը բացատրվում է նրանով, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանում անցկացված ցանկացած ընտրություններում տեղերի 90 տոկոսը բաժին է ընկել իշխանությունների շահերը պաշտպանող ներկայացուցիչներին...