Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի եվրոպական ընտրությունը երբեք չի վերանայվի:
«Այս ընտրությունը կատարվել է մեր մեծ նախնիների կողմից: Ուստի, ոչ միայն մեր, այլ նաև որևէ այլ կառավարություն դա չի կարող վերանայել»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Նշենք, որ վարչապետի նման հավաստիացումների անհրաժեշտություն է առաջացել նորանշանակ արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի՝ իր պաշտոնում արված առաջին հայտարարության հետ կապված:
Կառավարության նիստին, երբ վարչապետը ներկայացրել է նրան՝ որպես նոր արտգործնախարար, Կվիրիկաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասել է.
«Աշխարհում բացի արևմտյան ուղղությանից շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում: Դա Արևելքի հետ կապերն են, Եվրասիական մայրցամաքի վերջին իրադարձություններն են: Մենք պետք է փորձենք առավելագույնս տրանսֆորմացնել այդ հետաքրքիր երևույթները Վրաստանի համար՝ քաղաքական և տնտեսական տեսանկյունից»,- նշել է Գեորգի Կվիրիկաշվիլին:
Կվիրիկաշվիլիի հայտարարությունը, մասնավորապես՝ Եվրասիական տարածքում առկա հնարավորություններից օգտվելու անհրաժեշտության դրույթը շատ ընդդիմադիր ուժերի կողմից բացասական ընդունելության արժանացավ, քանզի դա ասոցացվեց Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությանը:
Վրաստանի վարչապետն այս առնչությամբ փորձել է պարզաբանում տալ՝ շեշտելով, որ հնարավորություններ առկա են ողջ Եվրասիական մայրցամաքում:
«Անշուշտ ուժի մեջ է մնում մեր գլխավոր խնդիրը՝ եվրաինտեգրումը և ընթացքը դեպի ՆԱՏՕ, սակայն դրան զուգահեռ պետք է շարունակել խորացնել հարաբերությունները Չինաստանի, Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրների հետ: Կարծում եմ դա ճիշտ ուղղություն է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Կարող ենք ենթադրել, որ վրացական հանրային և քաղաքական շրջանակներում եվրասիական ուղղության հետ առկա մտավախությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջին շրջանում Վրաստանի՝ եվրասիական ինտեգրման անհրաժեշտության մասին առավել հաճախ են բարձրաձայնում: Որոշ ընդդիմադիր ռուսամետ ուժեր անգամ այցեր են կազմակերպում Մոսկվա, ինչը բավական բացասական է ընկալվում եվրոպամետների կողմից: Ավելին, վերջերս ամերիկյան NDI ընկերության կողմից անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Վրաստանի բնակչության 31%-ի համար ընդունելի է Վրաստանի անդաակցությունը ԵԱՏՄ, ինչը բավական լուրջ ցուցանիշ է: