ԱՄՆ-ն խորապես մտահոգված է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովայի 7,5 տարվա ազատազրկման դատավճռի պատճառով: ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Իսմայիլովային և «խղճի մյուս բանտարկյալներին»:
«Մենք նաև մտահոգված ենք քննության և դատավարության ընթացքում գրանցված խախտումների պատճառով, այդ թվում՝ վկաների ցուցմունքների բացակայությունն ու այլ հիմնական փաստերը: Այս դեպքը ևս մի ապացույց դարձավ Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների, այդ թվում՝ մամուլի ազատության սահմանափակման առումով», - ինչպես գրում է Tert.am-ն՝ ասվում է է Պետդեպի հաղորդագրության մեջ:
Կառույցը Ադրբեջանի կառավարությանը նաև կոչ է արել իրականացնել ստանձնած միջազգային պարտավորությունները՝ մարդու իրավունքների և իր քաղաքացիների հիմնարար ազատությունները պաշտպանելու մասով:
Նշենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն սեպտեմբերի 1-ին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի ադրեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային:
Իշխանությունները Իսմայիլովային մեղադրում են յուրացումների, հարկերից խուսափելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Լրագրողը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է իր հետաքննական հրապարակումների հետ: Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին: Նա ձերբակալվել էր 2014-ի դեկտեմբերի 5-ին՝ գործընկերոջն ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացրել ևս 3 հոդվածով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել: