Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ նման կենտրոնի գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում երիտասարդների շրջանում մտավոր ներուժի զարգացմանը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման գործընթացին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայ բարեգործական ընդհանուր միությանը, «Սիմոնյան» հիմնադրամին և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը հայրենանվեր այս նախաձեռնությունն իրականացնելու համար` նշելով, որ դա մեր հանրապետությունում մարդկային կապիտալի զարգացման գործում լավագույն ներդրումներից է:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրեր Հայաստանից և արտերկրից:
Ավելացնենք, որ ըստ ծրագրի պատասխանատուների՝ այն հասանելի կլինի ավելի քան 500 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը «ԹՈՒՄՈ»-ում շաբաթական երկու օր կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաև կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն: