«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական զինված ընդդիմության հետ մարտերի արդյունքում առաջ են եկել դեպի Դամասկոսի կենտրոն: Այս մասին հայտնում է BBC-ն: Վերջինիս փոխանցմամբ՝ այժմ ԻՊ-ն մարտեր է վարում սիրիական մայրաքաղաքի հարավային շրջաններում։ Դեռևս հայտնի չէ՝ որքան հեռուն է ԻՊ-ին հաջողվել գնալ:
Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի փոխանցմամբ՝ ԻՊ և զինված ընդդիմության միջև փողոցային մարտերն ընթանում են մայրաքաղաքի հարավային Կադամ թաղամասի Ասալիա կոչվող հատվածում: Լուր էին շրջանառվում նաև, որ մարտերի ընթացքում ԻՊ գրավել է նաև Դամասկոսի հայկական թաղամասերը, սակայն Սիրիայում Հայաստանի դեսպանությունը հերքել է այդ տեղեկությունը:
Սիրիական բանակի ներկայացուցիչը հաստատել է Դամասկոսի հարավում ընդդիմության և իսլամիստների միջև բախումների լուրը: France Press գործակալության հետ զրույցում նա նշել է, որ կառավարական զորքերը պատրաստ են հակահարված տալ ԻՊ գրոհայիններին այն դեպքում, երբ նրանք առաջանան դեպի կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
Նշենք, որ վերջին շրջանում Սիրիայի կառավարական զորքերի գործողություններն ինչպես զինված ընդդիմության, այնպես էլ «Իսլամական պետության» զինյալների դեմ բավականին պասիվացել են: Ասադին հավատարիմ ուժերը կարելի է ասել հիմնականում պաշտպանական գործողություններ են իրականացնում: 4 տարվա արյունահեղ պատերազմի արդյունքում սիրիական բանակում զգացվում և՛ մարդկային ռեսուրսների, և՛ ռազմամթերքի բավականին լուրջ պակաս, որն իշխանությունները գործող ռազմական էմբարգոյի պայմաններում չեն կարողանում լրացնել: Այս մասին բազմիցս հայտարարել են սիրիացի պաշտոնյաները:
Նման պայմաններում Դամասկոսը ստիպված պաշտպանական դիրք է ընդունել: Այսպես, երկրի հյուսիսում ԻՊ դեմ մարտական գործողություններ են մղում գլխավորապես քրդական զինված միավորումները, իսկ Լիբանանի հետ սահմանը կարել է ասել վերահսկում է Հըզբոլլահը (Լիբանանի հետ սահմանային բնակավայրերում վերջին շրջանում ընդդիմության հետ կնքված ժամանակավոր զինադադարների բանակցութուններին մասնակցում էին նաև Հըզբոլլահի ներկայացուցիչները):
Սիրիային ռազմական օգնություն չտրամադրելու դեպքում ակնհայտ է, որ կառավարական զորքերը չեն կարող երկար դիմակայել՝ նույնիսկ եթե միայն պաշտպանվեն: Ռազմական օգնության հույս այսօրվա դրույթամբ պաշտոնական Դամասկոսը կարող է ունենալ միայն Իրանից: Վերջինս, չնայած միանշանակորեն աջակցում է Ասադի վարչակարգին, սակայն այս հարցում բավականին զգուշավորություն է ցուցաբերում՝ խուսափելու համար Արևմուտքի հետ հարաբերություններում նոր լարվածությունից:
Ավելացնենք, որ ԻՊ գրոհայինները Դամասկոսում հաստատվել էին 2014 թվականի հուլիսին, սակայն մինչ այժմ նոր թաղամասեր չէին գրավել: Ապրիլին ԻՊ փորձել է գրավել պաղեստինցի փախստականներին Յարմուք ճամբարը, սակայն նրանց գրոհը հետ է մղվել: