Սեպտեմբերի 1-ին երկրի 63-րդ ժամանակավոր կառավարությունը «Չանքայա Կեշկյու» նստավայրում անցկացրել է իր առաջին նիստը՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախագահությամբ:
Նախարարների կաբինետի առաջին նիստում հիմնականում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի և այդ առումով ձեռնարկվելիք միջոցառումների, կրթության ոլորտի, Արդվինում տեղի ունեցած ջրհեղեղի և անվտանգ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ խնդիրները:
Հարկ է նշել, որ նոր կաբինետը բաղկացած է Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) 12 անդամներից, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) երկու անդամներից, Ազգայնական շարժում կուսակցությունից (MHP) 1 և 11 անկախ անդամներից: Բավական մեծ է հետաքրքրությունն Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Թուգրուլ Թյուրքեշըի Ժողովրդա- դեմոկրատական կուսակցության անդամներ Ալի Հայդար Կոնջանի և Մյուսլյում Դողանի նկատմամբ: Թյուրքեշը ժամանակավորապես ստանձնել է փոխվարչապետի, Կոնջան՝ ԵՄ հարցերով նախարարի, Իսկ Դողանը՝ զարգացման նախարարի պարտականությունները:
Թուրքական լրատվամիջոցների հայտնած տեղեկությունների համաձայն՝ նախքան նիստի տեղի ունենալը նախարարներն այցելել են Անիթկաբիռում գտնվող Աթաթուրքի դամբարան: Հատկանշականն այն է, որ Ահմեդ Դավութօղլուն այստեղ կրկին հիշել է իր անիրականալի երազանքների մասին՝ թողնելով հետևյալ գրառումը` «Մեր կառավարության անունից խոստանում եմ, որ մենք կանենք ամեն հնարավորը մեր երկիրը XXI դարում ուժեղ և հուսալի պետություն դարձնելու համար, բացի այդ մենք կմիավորենք ուժերը նրանց դեմ, ովքեր ցանկանում են վնասել մեր ժողովրդին ու երկրին: Մենք կհասնենք մեր՝ «Հզոր Թուրքիա» ստեղծելու նպատակին»:
Սակայն թուրքական ԶԼՄ-ների ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդի տեղակալ, այժմ նաև փոխվարչապետ Թուգրուլ Թյուրքեշը Անիթկաբիռից մեկնել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ծառայողական մեքենայով: Իսկ ժամանակավոր կառավարության բացման արարողությունից հետո Դավութօղլուն վերջինիս հետ միասին այցելել է Ազգայնական շարժում կուսակցության հիմնադիր Թուգրուլ Թյուրքեշի հոր՝ Ալփարսլան Թյուրքեշի գերեզմանին:
Կարելի է ասել, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Դավութօղլուն որոշել է բարձրացնել իր և իր կուսակցության ընկած վարկանիշը, որի համար էլ ջանք չի խնայում ցույց տալ, թե ինչպիսի ջերմ հարաբերությունների մեջ է գտնվում ընդդիմադիր կուսակցությունների անդամների հետ: