Սեպտեմբերի 2-ի երեկոյան մինչև ուշ գիշեր հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը, կրակել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետերից։ Ըստ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, հակառակորդը կրակել է նախևառաջ դիրքերի, ինչպես նաև որոշ սահամանամերձ գյուղերի ուղղությամբ, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ըստ էության, 20 գյուղ կա այդ հատվածում, բոլորն էլ այս կամ այն չափով ընկել են կրակի տակ։ Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ Զինված ուժերը որևէ կորուստներ չունեն, քաղաքացիականների շրջանում չեմ կարող ասել, համապատասխան մարմինները կմեկնաբանեն։ Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սահմանային իրավիճակը միշտ վերահսկելի է մեր կողմից»,- ասել է Հովհաննիսյանը։
«Առավոտ»-ի փոխանցմամբ, Կոթի գյուղի 2 բնակիչ է վիրավորվել: Նրանք տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, վիճակը կայուն է:
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ից, Տավուշի մարզի մի շարք գյուղերի, հայկական դիրքերի ու Բերդի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցներից պայմանագրային 2 զինծառայող էր վիրավորվել:Նրանցից մեկին վիրահատել էին, նա որովայնի բաց թափանցող վերք ունի: Վիրահատությունից հետո գիշերը զինվորին տեղափոխել էին Երևան, Կենտրոնական հոսպիտալ: Մյուս վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է, վիրակապից հետո նա տեղափոխվել էր հիվանդասենյակ: