Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան ևս մեկ մեծ հաղթանակ էր հայկական երկրորդ հանրապետության հողի վրա: Արցախից «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագծի հեղինակ Սարինե Ավթանդիլյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ին երեկոյան անցկացված իրադարձությունը մեծ հաջողությամբ է անցել:
«Այդ հսկա նախագիծը մեկ շնչով անցավ: Ժողովուրդը և մասնակիցները սպասում էին այդ իրադարձությանը, պատասխանատվությունը շատ մեծ էր: Տարբեր երկրներից ժամանած հյուրեր կային, ուրախալի է, որ ամեն ինչ շատ լավ անցավ: Վերդիի «Ռեքվիեմ»-ն Արցախում հնչեց ի հիշատակ Հայոց ցեղասպանության և Արցախի անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած նահատակների: Հայրենասիրական ոգին, որը Վերդիի «Ռեքվիեմի» մեջ է, փոխանցվեց բոլորիս: Շատ հպարտ եմ, որ կարողացանք այդ մեծ կազմով լիարժեքորեն իրականացնել այս նախագիծը: Եղանակը նույնպես նպաստեց, որ միջոցառումը լավ անցնի: Շատ մեծ հաղթանակ էր, որ բնությունը ևս մեզ հետ էր: Շատ ոգևորված էին թե’ մասնակիցները, թե’ հանդիսատեսը, երջանիկ էին, որ նման մեծ իրադարձության մասնակից դարձան»,-նշել է Սարինե Ավթանդիլյանը:
Նա տեղեկացրեց, որ միջոցառման մեկնարկին ելույթ է ունեցել Արմեն Ամիրյանը, ով անդրադարձել է իրադարձության կարևորությանը: Այնուհետև խոսք է տրվել նախագծի գեղարվեստական ղեկավար, ճանաչված երգչուհի Լյուբով Կազարնովսկայային, ով ներկայացրել է մասնակիցներին, մենակատարներին: