Հայաստանում սեպտմբերի 3-ից 6-ը կանցկացվի «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը:
Զորավարժությունը ղեկավարելու է ՀՀ նախագահը:
Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Տեղեկացվել է, որ հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի անցկացվել է ցուցադրական մի քանի պարապմունք: Ռազմավարական հրամանատարաշտաբային նախորդ մարզումներն անցկացվել են 2013-ի աշնանը: «Արձագանք-2013» մարզումների ընթացքում խաղարկվել է ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացը իրավիճակի սրման պայմաններում: Ճշգրտվել են պետական կառավարման համակարգը ագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը: Խաղարկվել է նաև հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարը իրավիճակի սրման սկզբնական շրջանում: