ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն իր հրապարակած զեկույցում նշում է, որ մերձավորարևելյան շարունակվող հակամարտությունների պատճառով ավելի քան 13 միլիոն երեխա զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից: Ուսումնասիրելով հակամարտությունների ազդեցությունը տարածաշրջանի 6 երկրների կրթական համակարգի վրա` UNICEF-ը հայտնում է, որ ավելի քան 8500 դպրոց բռնությունների պատճառով այլևս չեն կարող օգտագործվել: Զեկույցում մանրամասն դեպքեր են ներկայացվում, թե ինչպես են ուսուցիչներն ու աշակերտները հենց դպրոցում անմիջական կրակի տակ հայտնվել, և ինչպես են երեխաներն ամեն օր հատում ակտիվ գործողությունների շփման գիծը դպրոց հասնելու համար:
«Հակամարտության կործանարար ազդեցությունը զգացվում է ողջ տարածաշրջանի երեխաների վրա», - ասել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում UNICEF-ի տարածաշրջանային տնօրենը: «Խոսքը միայն ֆիզիկական վնասի մասին չէ, այլ մի ողջ սերնդի հիասթափության, որը տեսնում է, թե ինչպես է իր ապագան կործանվում», - Պետեր Սալամայի խոսքերը մեջբերում է Al-Jazeera-ն:
UNICEF-ի տվյալներով Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, պաղեստինյան տարածքներում, Սուդանում և Եմենում միայն անցյալ տարի դպրոցների վրա ավելի քան 200 հարձակում է գրանցվել: Սիրիայում հակամարտության 5 տարիների ընթացքում յուրաքանչյուր 4 դպրոցից մեկը փակվել է, ինչի հետևանքով 2 միլիոն երեխա մնացել է առանց կրթության, ևս 52 հազար ուսուցիչ լքել է իրենց աշխատանքը: Իսկ այն ուսուցիչներն, ովքեր որպես փախստական հաստատվել են այլ երկրներում, խոչընդոտների պատճառով չեն կարողացել աշխատանք գտնել:
Մերձավոր Արևելքից աշխարհի տարբեր երկրներում հայտնված երեխաները, որպես կանոն, զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից: Միայն առանձին վայրերում մարդասիրական կազմակերպությունների կամ կամավորների կողմից որոշակի ուսուցում է կազմակերպվում: Վերջին օրինակը Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայի կողմից Լիբանանի Բեքաայի հովտում սիրիացի փախստական աղջիկների համար դպրոց բացելն էր: Դպրոցում սովորելու հնարավորություն ստանացան 14-ից 18 տարեկան ավելի քան 200 աղջիկ, թեև միայն Լիբանանում ապաստան գտած դպրոցահասակ երեխաների թիվը գերազանցում է կես միլիոնը:
Հատկանշական է, որ նույն Սիրիայում այս աղետի հիմնական մեղավորներից մեկը` Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումն, իր կողմից վերահսկվող տարածքներում կրթության սեփական համակարգ է ներդրել: Մասնավորապես, ԻՊ-ի կրթական նոր օրենքների համաձայն արգելվել են պատմության, գրականության, երաժշտության և քրիստոնեության դասերը, իսկ հայրենասիրական երգերը սրբապղծություն են համարվում: