Անդրադառնալով ներգաղթյալների նկատմամբ Բուդապեշտի կոշտ քաղաքականությանը՝ Օրբանն ընդգծել է, որ Բուդապեշտը իրականացնում է ԵՄ արտաքին սահմանը պաշտպանելու իր պարտավորությունը: «Հունգարիան կատարում է Եվրամիության արտաքին սահմանները պաշտպանելու իր պարտավորությունը: Մենք ընդունել ենք անհրաժեշտ օրենքներ, որոնք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 15-ից, կառուցել են անհրաժեշտ ֆիզիկական արգելքներ: Այս ամենը Հունգարիան անում է որպես սահմանային երկիր՝ արտաքին սահմանների պաշտպանության ԵՄ պահանջներին համապատասխան »,- նշել է նա:
Նշենք, որ արդեն մի քանի օր է հունգարական իշխանությունները թույլ չեն տալիս երկիր ժամանած միգրանտներին մեկնել Արևմտյան Եվրոպա: Արդեն մի քանի օր Քելթենի կայարանի հրապարակում հավաքված միգրանտները, որոնք հիմնականում Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից են, պահանջում են թույլ տալ իրենց գնալ Ավստրիա և Գերմանիա: Սակայն իշխանությունները, չնայած արդեն իսկ գնված տոմսերին, նրանց թույլ չեն տալիս մեկնել:
Իշխանությունները նշում են, որ երկիրը հայտնվել է փախստականների աննախադեպ ճնշման տակ: 2015 թվականի սկզբից հունգարական իշխանությունների տվյալներով՝ երկիր է ժամանել ավելի քան 100 հազար փախստական, որոնցից 35 հազարը՝ օգոստոսին: Հունգարիայի սահմաններն ամեն օր հատում է ավելի քան 2 հազար փախստական՝ չնայած սահմանային հսկողության ուժեղացմանը և փշալարերով ցանկապատի:
Նման պայմաններում Հունգարիան հրաժարվում է հետևել փախստականների տեղաբաշխման քվոտաների եվրոպական քաղաքականությանը՝ պահանջելով Բրյուսելից ճգնաժամի կարգավորման առավել արդյունավետ միջոցներ: Սակայն Բրյուսելում դեռևս չունեն խնդրի լուծման արդյունավետ տարբերակ:
Նախօրեին իտալական ԱԳՆ-ն հայտնել է, որ Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները փաստաթուղթ են ստորագրել, որտեղ կան կոնկրետ առաջարկություններ այն բանի վերաբերյալ, թե ինչպես վերանայել ԵՄ-ի կողմից 25 տարի առաջ մշակված կանոններն ապաստան տրամադրելու վերաբերյալ:
Բացի այդ, նրանք ընդգծել են ԵՄ երկրների մեջ փախստականներին արդարացի տեղաբաշխելու անհրաժեշտությունը: