Չնայած սեպտեմբերի 1-ին հաստատված հրադադարին՝ Ուկրաինայի արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Վերջին մի քանի օրերի ընթացքում հակամարտության երկու կողմերն էլ ընդհանուր առմամբ կատարում էին նոր ուսումնական տարվա սկզբից հրադադարը պահպանելու վերաբերյալ օգոստոսի վերջին ձեռք բերած պայմանավորվածությունը: Սա ինչ-որ տեղ հույս է ներշնչում, որ այդ փխրուն հրադադարի հաստատումը կարող է կայուն խաղաղության սկիզբ դառնալ Ուկրաինայի արևելքում՝ հատկապես, որ կրկին ակտիվանում են հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը:
Այսպես, սեպտեմբերի կեսերին նախատեսվում է «Նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպում, որին պետք է նախորդի արտգործնախարարների հանդիպումը: Իսկ մինչ այս այսօր Մինսկում իր աշխատանքներն է սկսել Կոնտակտային խմբի անվտանգության հարցերով ենթախումբը: Նախատեսվում է, որ այս հանդիպման ժամանակ քննարկվելու է 100 մմ փոքր տրամաչափի զենքը շփման գծից հետ քաշելու վերաբերյալ համաձայնագիրը: Այս հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն նաև հաջորդ շաբաթ՝ արդեն Կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ: Նշենք, որ նման համաձայնագիր կնքելու մասին խոսվում է դեռևս հուլիսից: Սակայն կողմերը այդպես էլ չեն կարողանում համաձայնեցնել զենքը հետ քաշելու պայմանները: Սպասել, որ սեպտեմբերի 8-ին Մինսկում կայանալիք Կոնտակտային խմբի այս հանդիպման ժամանակ կողմերին կհաջողվի համաձայնության գալ այս հարցի շուրջ, չարժե:
Կիևում հույս ունեն, որ այս հրադադարը թույլ կտա բանակցություններ սկսել Դոնբասում տեղական ընտրությունների անցկացման մասին: Նրանք շարունակում են պնդել, որ ընտրությունները Դոնբասում անցնեն ուկրաինական օրենսդրության և ԵԱՀԿ չափանիշների համապատասխան և միջազգային դիտորդների մասնակցությամբ: Ընդ որում, պահանջում են ընտրություններն անցկացնել ողջ Դոնբասի տարածքում և տարածաշրջանից դուրս բերել օտարերկրյա բոլոր զորքերը, կամավորներին, Ռուսաստանի հետ սահմանին հաստատել Ուկրաինայի վերահսկողությունը: Դոնեցկի և Լուգանսկի իշխանություններն արդեն իսկ մերժել են այս պահանջները՝ նշելով, որ դա չի համապատասխանում Մինսկի պայմանավորվածություններին: Նրանք արդեն նշանակել են սեփական տեղական ընտրություններ:
Այս ֆոնին հրադադարը Դոնբասում կարող է ժամանակավոր բնույթ կրել: Փորձագետները կարծում են, որ լավագույն դեպքում կողմերին կհաջողվի հասնել հակամարտության սառեցմանը, բայց ոչ լուծմանը՝ հատկապես որ Ուկրաինայի ներսում ներքաղաքական իրավիճակը ևս անկայուն է կապված սահմանադրական փոփոխությունների ընդունման հետ: