«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման կողմից թողարկվող Inspire ամսագրի վերջին համարն առաջացրել է իրավապահ մարմինների անհանգստությունը, քանի որ դրանում պարունակվում են հայտնի ամերիկացի գործիչների և գործարարների վրա հարձակման կոչեր:
NBC News-ի տվյալներով՝ ի թիվս այլոց, ցուցակում ներառված են նաև Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, միլիարդատերեր Ուորեն Բաֆեթը, Չարլզ և Դևիդ Կոխերը, ինչպես նաև Նյու Յոքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը։
Նշվում է, որ ձեռնարկատերերը կարող են ցուցակից հանվել այն բանից հետո, երբ նրանք դուրս կբերեն իրենց գումարներն ամերիկյան բանկերի հաշիվներից և կներդնեն այդ միջոցները ԱՄՆ սահմաններից դուրս։ Գործարարներից պահանջվում է նաև դեմ արտահայտվել Իսրայելի աջակցությանը։
Ամսագրում, որը թողարկվել է 9/11-ի տարելիցից 2 օր առաջ, խմբավորման անդամները աֆրոամերիկացիներին կոչ են անում միանալ «Ալ-Քաիդային»՝ դիմակայելու «իրենց նկատմամբ անարդարությանը»։